«700.000 դոլարը, եթե գրագետ ծախսվի, կարող է համարվել շահավետ ներդրում Երեւանի ու Հայաստանի համար». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձել է Երևանում Ամանորի տոների համար նախատեսված ճոխ ծախսերի հարցին:

«Էս 700.000 դոլարանոց Ամանորի տոնախմբության մասով մի բան ասեմ։ Անցած տարի երկու ընտանիքով մեկնեցինք Թիֆլիս։ Նոր տարին դիմավորեցինք հենց փողոցում – հրապարակներից մեկում։ Տոնողների կեսը արտասահմանցի էին։ Միայն Հայաստանից, ըստ վիճակագրության, 30.000 մարդ էր եկել Թիֆլիս՝ Ամանորը դիմավորելու։ Քաղաքապետարանը իրոք որ ճոխ Ամանոր էր կազմակերպել։ Չեմ կարող ասել ինչքան գումար էին ստույգ ծախսել, բայց չեմ բացառում, որ մեկ միլիոն դոլարից ավելի լիներ։ Բայց հաստատ Թիֆլիսը ամանորյա տրենդային տուրիստական ուղղություն դարձնելը տասնապատիկ ավելի շատ հասույթ բերեց քաղաքին էլ, Թիֆլիսի բիզնեսներին էլ։ Այնպես որ այս 700.000 դոլարը, եթե, իհարկե, գրագետ ծախսվի, այլ ոչ թե անցած տարվա անշուք ու անիմաստ թանկ տոնածառի պես, կարող է համարվել շահավետ ներդրում Երեւանի ու Հայաստանի համար, այլ ոչ թե պարզ պճնամոլություն։
Վիեննայի, Բրյուսելի ու մյուս քաղաքների մասին էլ չասեմ։ Ոչ թե պճնանք, այլ պարզապես չոր մարքեթինգ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։