Ալվինա Գյուլումյանի և մյուսների պահանջը քաղաքական ենթատեքստ ուներ և նպատակ ուներ հնչեղություն տալ գործին․ Արայիկ Պապիկյան

«Մեդիալաբի» հարցազրույցը փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ

– Պարո՛ն Պապիկյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չկիրառեց միջանկյալ միջոց, ինչպես իրենց դիմումում պահանջել էին Ալվինա Գյուլումյանը և մյուսները (ՍԴ նախկին նախագահը և երեք նախկին դատավորները)։ Ի՞նչ կարծիքի եք այդ որոշման մասին, սպասելի՞ էր։

– Այո՛, իհարկե սպասելի էր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ 39-րդ կանոնից օգտվելը վերաբերում է բացառիկ դեպքերին։ Մենք հիմա չունենք այդ բացառիկ դեպքը։

Կոնրետ այս դեպքը, որի հիման վրա նրանք դիմել են, իրավաբանի ընկալմամբ՝ չի համապատասխանում այդ չափանիշին, որի հիման վրա հնարավոր կլիներ կիրառել 39-րդ կանոնը։

Կարծում եմ՝ Եվրոպական դատարանի որոշումը միջանկյալ միջոց չկիրառելու մասով իրավաչափ էր ու սովորական երևույթ էր։

– Այսինքն՝ կարծում եք, որ մարդու իրավունքներին վտանգ չի սպառնացել, կամ կոպիտ խախտումներ թույլ չեն տրվել, որ կիրառվեր 39-րդ կանոնը։

– Կոպիտ խախտում ձևակերպումը կարող է արտահայտվել Եվրոպական դատարանի վերջնական ակտում, բայց միջանկյալ միջոցների կիրառումը սովորաբար Եվրոպական դատարանի պրակտիկայում տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու կյանքին անմիջականորեն վտանգ է սպառնում, և երբ միջանկյալ միջոց չձեռնարկելը անվերականգնելի հետևանք կարող է ունենալ։

Ես կարծում եմ՝ մենք չունենք այդ անդառնալի կամ անվերականգնելի վիճակը։ Բայց Եվրոպական դատարանը կարող է ակտ կայացնել՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում տեղի է ունեցել։

Այս պահին, իմ կարծիքով, դա հավասարակշռված որոշում էր։ Ինչ վերաբերում է բուն դիմումին, ապա դիմող կողմը պնդում է, որ այն վարույթ է ընդունվել, տեսնենք՝ ինչ ցույց կտա քննության ընթացքը։

– ՄԻԵԴ դիմողները ծանրակշիռ իրավաբաններ էին, ի՞նչ եք կարծում՝ նրանք տեղյակ չէի՞ն Դատարանի 39-րդ կանոնի պահանջներին, որ այդ հիմքով էին նաև դիմում ներկայացրել։

– Ես կարծում եմ, ինչու ոչ, նաև վստահ եմ՝ այստեղ գերակայել է ոչ թե իրավական խնդրի լուծման նպատակահարմարությունը, որքան ավելի շատ կրել է քաղաքական կամ այլ ենթատեքստ։

Այս բովանդակությամբ գործին հնչեղություն ապահովելու հնարավորությունն ու հավանականությունն ավելի մեծ են, քան սովորական ընթացակարգով։ Հիմա ապահովվեց ավելի մեծ հնչեղություն, գործի վրա հրավիրվեց ներքին ու արտաքին լսարանի ուշադրությունը։

Ես համոզված եմ, որ առնվազն տիկին Գյուլումյանին ՄԻԵԴ-ում աշխատելու բազմամյա փորձը հուշում էր, որ 39-րդ կանոնը իրենց դեպքում չի կիրառվելու։ Ենթադրում եմ՝ գոնե իր համար դա շատ պարզ էր։ 

– Այսինքն՝ այդ դիմումը քաղաքական ենթատեքստ, այդուհանդերձ, ունեցել է։

– Այո՛, միանշանակ։ Բայց այս ամենի մեջ ամենավատն այն է, որ տեսականորեն պատկերացնենք՝ վաղը ՄԻԵԴ-ը կճանաչի իրավունքի խախտում, և այդ անձինք կվերականգնվեն այդ պաշտոնին, ու պատկերացրեք՝ մեր երկրում սահմանադրական արդարադատությունը իրականացնում են նաև այն անձինք, որոնք պետության հետ միջազգային վեճ են ունեցել։

Սա արդեն առերևույթ անհամատեղելի է։ Հետևաբար, վեճի ցանկացած լուծում չի կարող հանգեցնել նրան, որ դրանից շահելու է մեր երկրի սահմանադրական արդարադատությունը։ Այս առումով, կարծում եմ՝ վեճը իրավական հարթությունից առավելապես տեղափոխվել է քաղաքական կամ կոմպրոմատային հարթություն։

– Հիմա էլ ընդդիմադիր կողմն է պնդում, որ Սահմանադրական դատարանում կա սահմանադրական ճգնաժամ։ Ի՞նչ կարծիքի եք։

– Այդ ճգնաժամի մասին ես վերջին տարիներին ասել եմ՝ եղել է, այսօր էլ կա, և այդ խնդիրը չի լուծվել։

Դիցուք՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ կա քրեական հետապնդում, ՀՀ որևէ քաղաքացի կցանկանա՞, որ որևէ դատավոր քրեական հետապնդման ենթարկվելիս լիներ ու շարունակեր պաշտոնավարել Սահմանադրական դատարանում։ Բոլոր այն լուծումները, որոնք փորձեցին, ձախողվեց, վերջին լուծումը նույնպես արդյունք չտվեց, ես դա լուծում չեմ համարում, որովհետև Հրայր Թովմասյանը շարունակում է ՍԴ դատավոր մնալ։

Այդ մարդուն հեռացնելու 3-4 փորձ չի ստացվում։ Ես, օրինակ՝ որպես շարքային քաղաքացի, չեմ ուզենա, որ մեր երկրի սահմանադրական արդարադատությունը իրականացնի մի մարդ, որի անվան շուրջը խոսակցություններ կան։ Նա պետք է լինի անբիծ ու կատարյալ։

– Այլ ելք կարծես չկար, օրենսդրությունը հնարավորություն չէր տալիս, ու մնում էր նրա հրաժարականը։

– Այո՛, ելք չկար, կարգավորումը չկար, և դրա համար մնում էր մեկ ելք՝ 2018-ի ապրիլի 24-ին արթնանայինք ու հայտարարեինք, որ երկրում կատարվել են արմատական փոփոխություններ, և իրականացվելու են սահմանադրական բարեփոխումներ։

Արդյունքում մենք չէինք ունենա սահմանադրական ճգնաժամ։ Ակնհայտ է, որ կեղծիքով ընդունված այդ փաստաթղթի շուրջ մենք կառուցում ենք այսօրը և կառուցելու ենք մեր վաղը։

Սահմանադրական մարմինների խնդիրները պետք է փորձել լուծել սահմանադրական ճանապարհով, երկու տարի փորձ է արվել դրանք լուծել այլ ճանապարհներով։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am