Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա. Մանե Գեւորգյանը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգանը մանրամասներ է ներկայացրել վաղը՝ հունվարի 11-ին նախատեսված եռակողմ հանդիպումից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:

Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»:

‼️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է…

Posted by Mané Gevorgyan on Sunday, January 10, 2021