«Ամուսինս զանգեց, ասեց՝ Հունանը լավ չի, ասեցի՝ ո՞ր հիվանդանոցում ա, ասեց՝ հիվանդանոցում չի»․ մայրն ասում է՝ չգիտեի, որ ամբողջ կյանքում պիտի սպասեի որդուս

46-ամյա Հրածինե Բախշյանը պատերազմի դաշտ էր ուղարկել երեք որդիներին, ամեն օր աղոթում էր և հույսով սպասում, որ տղաները ողջ-առողջ կվերադառնան։ Նոյեմբերի 2-ին պատերազմում ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած միջնեկ տղային էր հիվանդանոցում խնամում, երբ զանգեց ամուսինը և հայտնեց, որ փոքր տղան՝ Հունանը, Մարտունիում զոհվել է։ 

«Գնացել էի բժշկի մոտ, որ իմանայի՝ միջնեկ տղայիս օպերացիան երբ ա լինելու, ամուսինս զանգեց, ասեց՝ Հունանը լավ չի… Էդ պահին մտքովս անցավ, որ վիրավոր ա, ասեցի՝ որտե՞ղ ա, ո՞ր հիվանդանցում ա, ասեց՝ հիվանդանոցում չի․․․ 

Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, մենակ հիշում եմ՝ խաչ ունեի, շպրտեցի։ Ես միշտ Աստծուն խնդրում, աղոթում էի՝ երեխեքիս պահեր, ասում էի՝ ինչ-որ մի սնարյադ ա, ինչ ա, որ երեխեքիս պիտի կպնի, թող տունս ցրիվ տա, բայց երեխեքս գան հասնեն»,- հուզվում է Հրածինեն ու ասում՝ որդու զոհվելու լուրն իմանալուց հետո կյանքն իմաստ չունի։

18-ամյա Հունան Գաբրիելյանը 2 ամիս էր՝ ինչ մեկնել էր ժամկետային զինծառայության, երբ սկսվեց պատերազմը։ Մարտունու դիրքերում հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս նոյեմբերի 2-ին զոհվել է ականանետի հարվածից։

Մայրն ասում է, որ որդու կորստի հետ հաշտվել հնարավոր չէ։ Որդին չափազանց հոգատար էր, ուշադիր, հայրենասեր։ Սովորում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երկրորդ կուրսում՝ ագրոբիզնես բաժնում։ Ցանկանում էր իր բիզնեսը ստեղծել։  

«Ասում էր՝ նռան այգիներ եմ գցելու, հետո այլ բիզնես գաղափարներ ու պլաններ էր ասում։ Շատ հայրենասեր էր, Արևմտյան Հայաստան էր գնացել, հպարտանում էր, ասում էր՝ Ղարաբաղը կարողացել ենք պահել, այսքան տարածքը ինչի՞ ենք տվել, էլ մերը չի: Ես ասում էի՝ զենք չունեինք, ասում էր՝ բա Ղարաբաղում էլ 90-ականներին զենք չունեինք, բայց հաղթեցինք»,- պատմում է որդու հետ զրույցը Հրածինեն ու հուզվում, որ այս պատերազմում ոչ միայն կորցրեց իր հայրենիքը, տունն ու տեղը Շուշիում, այլև ամենաթանկը՝ որդուն։

«Սա երրորդ պատերազմն էր, որ տեսանք… Երեք տղաներս ու երկու եղբայրներս առաջնագծում էին, ես ամեն օր հինգ հոգու զանգի էի սպասում: Էն մեկին փոխանցում էի, ասում էի՝ էս մեկն ա զանգել, էն մեկին ասում էի` էս մեկն ա զանգել, վերջում մենակ Հունանը չեկավ»,- կսկիծով ասում է մայրը։

Հրածինեն ասում է՝ այլևս չի կարողանում որևէ բանով ուրախանալ։

«Ես ընդհանրապես փոքր բանով ուրախացող եմ, թեկուզ արևը որ դուրս էր գալիս, հիմա՝ չեմ կարում… Որ արթնանում եմ, տեսնում եմ՝ արև ա, ասում եմ՝ իմ երեխան էս արևը չի տեսնում»,- կրկին հուզվում է մայրը։

Մայրն ասում է՝ կարոտը մեծ է, անչափելի, տղան քիչ էր տնից բացակայել, բանակ գնալիս «Ես եմ» ծրագրով էր գնացել, պետք է 3 տարի ծառայեր, ինչն արդեն երկար էր թվում մոր համար, բայց չգիտեր, որ չարաբաստիկ պատերազմը ընդմիշտ կխլի որդուն իրենից, ու սպասումը կդառնա մշտական․ «Ասեց՝ գնում եմ «Ես եմ ծրագրով», ես չէի ուզում, որ 3 տարով գնար բանակ, ասեցի՝ չեմ դիմանա, 3 տարով գնում ես, էլի մի տարի ավելանում ա, բայց չգիտեի, որ ամբողջ կյանքում պիտի սպասեմ»,- ցավով ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am