Արտակարգ դրություն Նյու Յորքում․ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են մետրոպոլիտենն ու բնակելի տները․ կան զոհեր․ տեսանյութ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն արտակարգ դրություն է հայտարարել հորդառատ անձրևների պատճառով, որոնք մեգապոլիսում ջրհեղեղների են հանգեցրել։ Նա կոչ է արել մարդկանց դուրս չգալ տներից, գրում է Reuters-ը։

«Խնդրո՛ւմ եմ, այսօր երեկոյան մնացեք տանն ու թույլ տվեք մեր արագ արձագանքման խմբերին և արտակարգ օգնության ծառայություններին՝ իրականացնել իրենց աշխատանքը։ Հնարավորինս հեռու մնացեք մետրոյից, ճանապարհներից կամ ընդհանրապես ճանապարհ դուրս մի եկեք»,- կոչ է արել քաղաքապետը։ Բիլ դե Բլազիոն չորեքշաբթի գիշերը գրանցված ջրհեղեղը որակել է «պատմական եղանակային իրադարձություն»:

Առնվազն մեկ մարդ է զոհվել Նյու Ջերսի նահանգի Փասսայիկ քաղաքում հեղեղումների հետևանքով, CNN-ին ասել է քաղաքապետ Հեկտոր Լորան: NBC New York-ն էլ հայտնում է Նյու Ջերսիում մեկ զոհի, իսկ Նյու Յորքում՝ չորս զոհի մասին։ Հորդառատ անձրևները մետրոպոլիտենում հեղեղումների են հանգեցրել։ Երկաթուղու գրեթե բոլոր ճյուղերը դադարեցրել են աշխատանքը։

Փրկարարները ստիպված են եղել տարհանել մարդկանց։ Նյու Յորքում ջրհեղեղների է հանգեցրել «Իդա» փոթորիկը, որն ավելի ուշ թուլացել է՝ վերածվելով արևադարձային փոթորկի։ Մինչ այդ, համացանցում ջրով հեղեղված մեգապոլիսից բազմաթիվ տեսանյութեր են հայտնվել։

Աղբյուր՝ factor.am