ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք». այս ուղերձով Սաղմոսավանքի բակում տեղի է ունեցել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» փառատոնը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, վարչապետի տիկնոջը դիմավորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու փառատոնի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Վերջիններս Աննա Հակոբյանին են ներկայացրել փառատոնի պատմությունը: Նշվել է, որ փառատոնն անց է կացվում 2-րդ տարին անընդմեջ։ Այն կոչված է խթանելու սոցիալական ներառականությունը, ազգային երաժշտության միջոցով տարբեր երկրների մասնակիցների միմյանց հետ ծանոթությունն ու շփումը։ Միջոցառումը Սաղմոսավանքի բակում անցկացնելու թույլտվություն տվել է Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը։ Ելույթներ եղան նաեւ եկեղեցու ներսում։

«Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները, դաունի համախտանիշ ունեցող երեխաների «Արևային զանգակներ» նվագախումբը, «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի սաները։ Այս տարի փառատոնը հյուրընկալել էր խմբեր նաեւ Ռուսաստանի Դաշնությունից։

Հուզական երեկոն ևս մեկ անգամ ապացուցել է, որ ֆիզիկական հնարավորությունները խոչընդոտ չեն համախմբվելու ու մշակույթին առնչակից լինելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։