Վանաձորի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցություններն ըստ էության կայացած չեն, ավելին, այնպիսի վիճակում են գտնվում, որ նույնիսկ իրենց անդամների անունից չեն կարող հանդես գալ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Վանաձորի ավագանու նիստին ու քաղաքապետի սկանդալային ընտրություններին:
Բուռն ու լարված մթնոլորոտում, երեկ Վանաձորում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
Ավագանու 33 անդամներից փակ գաղտնի քվեարկությամբ նրա օգտին քվեարկեցին 19, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին՝ 14 անձ:
Նախքան ընտրությունները ԲՀԿ-ն, Հայկական վերածնունդը և «Լուսավոր Հայաստանը» հուշագիր էին ստորագրել, որ պետք է միասնական սատարեին Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ դեպքում հնարավոր կլիներ Մարուքյանի օգտին ունենալ 18 ձայն, իսկ ՀՀԿ թեկնածուի օգտին՝ 15, ինչը նշանակում էր, որ Վանաձորում իշխանությունն անցնելու էր ընդդիմությանը:
Բայց, ինչպես և սպասելի էր, հուշագիրն ստորագրած այս եռյակի անդամներից ոմանք քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին:
Վանաձորի քաղաքապետի ընտրություններն ուղեկցվեցին վեճով ու սկանդալներով: ԲՀԿ և Հայկական վերածնունդ կուսկացության անդամներին կուսակցությունների ղեկավարության կողմից հրահանգված էր քվեարկությունից հետո բջջային հեռախոսով լուսանկարել իրենց քվեաթերթիկները: Սակայն հաշվիչ հանձնաժողովը որոշում կայացրեց արգելել բջջային հեռախոսներով քվեարկությանը մասնակցելը:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընտրություններից հետո հայտարարել է, որ Վանաձորի ավագանում ԲՀԿ-ական բոլոր 3 անդամները կողմ են քվեարկել Քրիստ Մարուքյանի թեկնածությանը: «Հայկական վերածնունդի» անդամ Հեղինե Բիշարյանը նույնպես հայտարարել էր, որ վստահ է՝ իրենց 5 անդամներն էլ պահպանել են հուշագրի կետերն ու կողմ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի օգտին: Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասում է, որ սպասելի էր այս արդյունքը, և որ շուտով հայտնի կդառնա, թե ավագանու որ անդամները չեն պահել իրենց խոստումը:
«Ըստ էության, սա խոսում է այն մասին, որ ճիշտ է, փոխվեց ավագանու կազմավորման սկզբունքը, այսինքն՝ մեծամասնականից դարձավ համամասնական, բայց դա միայն ձևով է համամասնական, իրականում բովանդակությամբ դա մեծամասնական ընտրություն էր, քանի որ առանձին կուսակցություններ իրենց թեկնածուների շարքում ընդգրկեցին տեղերում հեղինակություն ունեցող անձանց, որոնք հանդես եկան այդ կուսակցությունների անվան տակ: Իսկ դա վճռորոշ նշանակություն ունեցավ ոչ միայն քվեարկության արդյունքների վրա»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նա նշում է, որ այս ցանկում բացառություն է կազմում «Լուսավոր Հայաստանը», որը իրոք քաղաքական թիմ է: Իսկ ՀՀԿ-ն, որը թեև թիմ է հանդես գալիս, բայց բոլորովին այլ հիմքերով է ձևավորված, հենված է վարչական ռեսուրսների վրա:
Պաշտոններ զբաղեցնող մարզային և համայնքային ենթակայության ձեռնարկությունների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչեր հանդիսացող մարդկանց խումբ է ՀՀԿ-ն, որի անդամներն, ըստ Սաքունցի, շաղկապված են այդ պաշտոնները պահելու, ոչ թե քաղաքական կամ կուսակցական շահերով:
«Իսկ մնացածներին որպես կուսակցական թիմեր անվանել չենք կարող: Դա դրսևորվեց նաև այս պայմանավորվածությունների կատարման ժամանակ: Բովանդակությամբ մեծամասնական այս ընտրություններում, բնականաբար, այս անձնական գործոնները և անձերի հետ պայմանավորվածությունները շատ ավելի որոշիչ նշանակություն պետք է ունանային, քան կուսակցությունների մեջ ձեռք բերված համաձայնությունները: Սա խոսում է այն մասին, որ համայնքներում կուսակցությունները՝ որպես տեղական մակարդակում քաղաքականություն իրականացնող ուժեր, դեռևս կայացած չեն»,- ասում է նա:
Ըստ Սաքունցի՝ այսինքն՝ կուսակցությունները դեռևս ունեն անելիքներ կայանալու առումով:
Մյուս կողմից, նրա խոսքով, «ՀՀԿ-ն չպետք է շատ ուրախանա այդ արդյունքներով, որովհետև պետք է գիտակցի, որ ինքը ոչ թե որպես կուսակցություն է հաղթել, այլ իր ավանդական գործիքներով՝ համոզելով, կաշառելով, ճնշելով»:
«Այդ գործիքներն են աշխատել, ոչ թե կուսակացությունն է հաղթել: Միանշանակ է, որ քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն չի ստացել ձայների մեծամասնությունը, չնայած բոլոր այն խախտումներին, որոնք գրանցվեցին թե նախընտրական քարոզչության ժամանակ, թե քվերակության օրը: Եվ դա ես համարում եմ Պյուռոսյան հաղթանակ»,- նշում է Սքունցը:
Նրա խոսքով՝ միայն վարչական ռեսուրսների հիման վրա որպես կուսակցություն հանդես գալը շատ խոցելի է, դա պարզապես իշխանության ռեսուրսների, իրավապահ մարմինների, տարբեր անձնական շահերի հիման վրա և պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված արդյունք է:Եվ կուսակցությունների՝ ավագանիում իրականացրած քվեարկությունը չարդարացրեց վանաձորցիների սպասելիքը:
Էմմա Մանուկյան
MediaLab.am