Իրանի և Հայաստանի սահմանը պետք է պահպանվի առանց փոփոխության․ Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Թեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով իրանական Fars լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:

«Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», – ասել է Իրանի արտգործնախարարը:

Ըստ Fars լրատվական գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով:

«Մենք միշտ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի, և կարծում ենք, որ Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հաղորդակցության պատմական ճանապարհ է, որը պետք է պահպանվի առանց փոփոխությունների», – ասել է Աբդոլլահիանը:

Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել», – հավելել է Ամիր Աբդոլլահիանը:

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Փաշինյանը մանրամասներ էր փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Իրանի նախագահն իր հերթին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինում ևս բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխության, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի սահմանի արգելափակման որևէ փորձի անընդունելիության մասին: 2022 թ. հուլիսի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը: