ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 151 դեպք՝ 6 ամսում․ պակասել են բռնության դեպքերը. Տեսանյութ

ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 151 դեպք՝ 6 ամսում․ պակասել են բռնության դեպքերը. Տեսանյութ
ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 151 դեպք՝ 6 ամսում․ պակասել են բռնության դեպքերը. Տեսանյութ

«2019 թվականի  առաջին կիսամյակում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք է գրանցվել, որից 83-ը՝ ԶԼՄ-ների ու նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերն են։ Նախորդ տարվա համեմատ՝ այդ ճնշումների քանակը երկու անգամ աճել է»,- «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն ամփոփում է 2019-ի առաջին կիսամյակը՝ մամուլի ազատության տեսանկյունից։

Նրա խոսքով՝ 2019-ի առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք է գրանցվել, սակայն դրան զուգահեռ, ավելացել է ԶԼՄ-ների ու նրա աշխատակիցների ներգրավվածությամբ դատական հայցերի թիվը։ «2010 թվականից հետո, երբ ապաքրեականացվեց վիրավորանքն ու զրպարտությունը, այս տարվա  առաջին կիսամյակի ցուցանիշն ամենաբարձրն է։

Վեց ամսվա ընթացքում  արձանագրվել է 56 նոր դատական հայց՝ ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։ Դրանցից մեկը ֆինանսատնտեսական վեճ է, մյուս երկուսը՝ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման  հետ է կապված, և 53-ը, իսկապես մտահոգիչ ցուցանիշ, վիրավորանքի և զրպարտության հիմքով է»,- նշեց Աշոտ Մելիքյանը։ 19 դեպքում հայցվորները շարքային քաղաքացիներ են, ևս 19  դեպքում՝ քաղաքական գործիչներ ու պետական պաշտոնյաներ։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահին այս ցուցանիշները չեն գոհացնում։ «Յոթ դեպքում գործարարներ ու մասնավոր ընկերություններ են,  3 դեպքում՝ հասարակական կամակերպություններ։ ԶԼՄ-ների դեմ հայց ներկայացնողների շարքում 2-ական դատավոր ու փաստաբան է։ 2 դատական վեճ լրատվամիջոցների և լրագրողների միջև է, ևս 2 դեպքում՝ ԶԼՄ-ներն են՝ ընդդեմ պետական մարմինների։ Սա շատ տհաճ ցուցանիշ է»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը։

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև հանրային նշանակություն ունեցող երկու  քրեական գործերի՝ կապված 2015-ի հունիսին «Էլեկտրիկ Երևան»-ի  և 2016-ի հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ «Հետևելով գործընթացներին, շատ լավ տեղյակ ենք, թե ինչ որոշումներ են կայացվում։ Երբ «Էլեկտրիկ Երևանի» գործը կասեցվեց, մենք օգնեցինք այդ տուժած լրագրողներին, նրանց անունից պատրաստեցինք բողոք և ներկայացրինք Դատախազություն։ Դատախազությունը վերացրեց Հատուկ քննչական ծառայության՝ կասեցման մասին որոշումը և հանձնարարեց վերսկսել քննությունը»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

«Ինչ վերաբերում է Սարի թաղի գործին, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է»,- ասում է  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահը։ «Անցյալ տարի այն կասեցվեց, և մենք տուժած լրագրողներին օգնեցինք նույնկերպ բողոք ներկայացնել Դատախազություն, բայց Դատախազությունն այն մերժեց, և մենք դիմեցինք արդեն Առաջին ատյանի դատարան»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։ Առաջին ատյանի դատարանը  նույնպես մերժել է բողոքը և այս պահին  հերթական բողոքն են ներկայացրել  վերաքննիչ ատյան։ Աշոտ  Մելիքյանի խոսքով՝ մտադիր են երկու գործերն էլ  մինչև վերջ տանել։ Դատական գործընթացներից զատ, այս տարի  2․5 անգամ աճել  են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը։ 2019-ի առաջին կիսամյակում դրանց թիվը 66-ի է հասել։ Մեծացել է նաև  լրատվամիջոցների ու դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը՝  2019-ին հասնելով  83-ի։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.