Տաքսու վարորդը հարձակում է գործել տղամարդու վրա, պահանջել գումար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր «Վազ 21104» մակնիշի`  որպես տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով, Սևան քաղաքի տարածքում առկա գազալցակայանում հանդիպել է Վարդենիս քաղաքի 44-ամյա բնակիչին և տեղեկանալով Վարդենիս մեկնելու վերջինիս ցանկության մասին՝ առաջարկել է 5000 ՀՀ դրամի դիմաց  նրան տեղափոխել: Ճանապարհին մտնել են Սևան քաղաքի հարակից տարածքում գտնվող ռեստորան, որտեղ 44-ամյա տղամարդը 15000 ՀՀ դրամ գումար է տվել վարորդին՝ տաքսի ծառայության մատուցման և սննդի համար։ Ժամը 15։30-ի սահմաններում, հասնելով Դրախտիկ գյուղին հարակից տարածք, նշված տաքսու վարորդը հարձակում է գործել 44-ամյա տղամարդու վրա, վերջինիս մեքենայից քաշելով գցել է գետնին, հարվածներ հասցրել  որովայնին և որպես զենք օգտագործվող առարկան կոկորդին սեղմելով՝ պահանջել գումար և վերցնելով տղամարդու դրամապանակում առկա ամբողջ գումարը՝  դիմել է փախուստի։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ 

Նախաքննություն ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյուքնում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա տաքսու վարորդը:  Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։