Պետք է սպասել Արցախի շուրջ նոր զարգացումների, որոնք դժվար թե հօգուտ Հայաստանի լինեն. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, ինչո՞վ եք պայմանավորում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Ռուսաստանի Դաշնություն. պաշտպանության նախարարն է այնտեղ, արտգործնախարարը: Նոր զարգացումների՞ սպասենք:

– Պայմանավորված են Արցախի շուրջ ինչ-որ նոր զարգացումներով, ու, այո՛, պետք է սպասել նոր զարգացումների:

– Իսկ դրանք ի՞նչ բնույթի զարգացումներ կլինեն, որքանո՞վ շահավետ կլինեն Հայաստանի համար:

– Դժվարանում եմ ասել, թե դրանք կարող են շահավետ լինել Հայաստանի համար, որովհետև այսօր մեր շահերի հաշվին սպասարկվում են կոնկրետ պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Ենթադրում եմ, որ այդ զարգացումը կապված է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ, որովհետև իշխանության ներկայացուցիչները հաճախ են այդ մասին վերջերս խոսում:

Իսկ այս պայմաններում սահմանների ճշգրտումը դժվար թե շահավետ լինի մեզ համար: Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները մեկնում են Մոսկվա, այնտեղից ստանան հրահանգներն ու այստեղ իրականացնեն դրանք:

 – Պարո՛ն Ղուկասյան, ասում եք, որ Հայաստանի շահերի հաշվին սպասարկվում են կոնկրետ պետությունների շահեր, իսկ Հայաստանի իշխանությունը այդ ամենը կանխելու համար քայլեր չի՞ անում:

– Այս իշխանությունը, այս կազմով ու այս գործելաոճով՝ արտաքին աջակիցներ չունի, Արևմուտքում այս իշխանությանը չեն աջակցում, քանի որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բոլոր առաջարկները մերժվեցին նրանց կողմից: Արտաքին աշխարհում այս իշխանությունն ունի միայն Ռուսաստանի Դաշնությանը, որի հովանու ներքո էլ սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը: Այս իշխանությունն ի վիճակի չէ նաև դեմ գնալ Ռուսաստանին և նրա հրահանգներով էլ առաջ է շարժվում:

 – Ասում եք, որ զարգացումները կապված են լինելու Արցախի հետ, օրինակ՝ ի՞նչ բնույթի զարգացում կարող է լինել, պատկերացում ունե՞ք:

– Բնականաբար չեմ կարող ասել, քանի որ տեղյակ չեմ գաղտնի խոսակցություններից և հանդիպումներից, բայց եթե հետևում ենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, թե Ադրբեջանն ընդամենը սպասում է Ռուսաստանի հետ որոշ հարցերի կարգավորմանը, որից հետո հնարավոր կլինի ամբողջությամբ վերցնել Արցախը, կարելի է որոշ ենթադրություններ անել:

– Ենթադրում եք, որ իշխանությունը կճանաչի՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պարո՛ն Ղուկասյան:

– Կախված հանգամանքից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչով կկարողանան, այսպես ասած, կաշառել Ռուսաստանի Դաշնությանը ու ըստ այդմ ինչ պայմաններ կառաջարկեն, իսկ Հայաստանն այդ գործընթացում ոչ մի դերակատարում չունի, նրանք ընդամենը կկատարեն Ռուսաստանից ստացած հրահանգները՝ փորձելով դա հանրությանը ներկայացնել դրական լույսի ներքո, որ այդ քայլը ձեռնտու էր նաև Հայաստանի համար:

– Եթե նման զարգացում լինի, ըստ ձեզ՝ հանրությունն ինչպե՞ս կարձագանքի այդ ամենին:

– Չեմ կարծում, թե հայն այնքան է կորցրել իր արժանապատվությունը, որ Արցախի ամբողջական կորուստը, Արցախի հայաթափումը կարող է հանգիստ ընդունել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի է պատրաստ հայ ազգը զարգացման, հեռանկարի ու ապագայի համար, պատրա՞ստ է արդյոք պայքարել դրա համար:

Հունիսի 20-ի ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ազգի մի ստվար մաս չի ուզում զարգանալ ու հրաժարվել տիրող իրավիճակից:

Ցավոք սրտի, այսօր պայքարելու, զարգանալու համար, վերջին 30 տարիների համեմատ, մենք ամենաողբերգական վիճակում ենք, նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին այսպես չէր իրավիճակը, կային պայքարելու, ազատ ու արժանապատիվ ապրելու ցանկություն ու դրա համար մղվող պայքար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am