Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել. Փաստինֆո

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մհեր Հակոբյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:

Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Պաշտպան Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղազարյանը ցուցմունք է տվել ու հերքել մեղադրանքում նշված հանգամանքները։ Հակոբյանը պնդում է, որ ներկայացված մեղադրանքը բացարձակ սուտ է, իրականության հետ որևէ աղերս չունի և մեղադրանքում առկա մի շարք ձևակերպումներ նույնիսկ ծիծաղելի են։ Պաշտպանական կողմի համար հատկապես ծիծաղելի են այն պնդումները, թե վարորդը պետական միջոց է, Ղազարյանն էլ ցանկացել է օգտվել այդ պետական միջոցից։

Նրա փոխանցմամբ՝ ՊՊԾ ծառայողը Ղազարյանի ընտանիքի համար վարորդ չի եղել, կցված է եղել Վաչագան Ղազարյանին և կատարել նրա հանձնարարությունները, իսկ, եթե օրվա ընթացքում էլ հանձնարարել է ընտանիքի անդամին ինչ- որ տեղ տեղափոխել կամ ինչ- որ հանձնարարություն տվել, դրանով ընտանեկան վարորդ չեն դառնում։
Փաստաբանը գտնում է, որ, եթե մինչև մեղադրանք առաջադրելը ՀՔԾ-ն լրիվ քննություն կատարեր, կտեսներ, որ անձն իր ծառայությունը, աշխատանքային պարտականությունները կատարել էր։

«Եթե տան վարորդ է եղել, ինչպե՞ս է եղել, որ մտել է կառավարական առանձնատուն, Բաղրամյան 28 և,եթե տան վարորդ է եղել, ինչու է մտել այդտեղ, դուրս եկել»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է գումարի վճարմանը, Հակոբյանը նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ Վաչագան Ղազարյանին տանում-բերում են և գումարը մուծել են, որ իրեն հանգիստ թողնեն և միջնորդել՝ համաներում կիրառելու համար։ «Մոտավոր 60 տարեկան մարդ է, արդեն հոգնել է անընդհատ քննչական գնալ-գալուց՝ սարքած գործերով։ Դրա համար է վճարել և ցուցմունքի մեջ այդպես էլ գրել է »,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Վաչագան Ղազարյանը մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությանը և այդ հիմքով պետք է նրա նկատմամբ կիրառվի համաներում և դադարեցվի քրեական հետապնդումը։ Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում արդեն իսկ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը և վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումից պարզ կլինի՝ կա արդյոք միտում Վաչագան Ղազարյանի դեմ, թե օբյեկտիվ քննություն է իրականացվում։

Մանրամասները՝ այստեղ