ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմ համաձայնագրերին»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա վերաբերում է դիմում ՀԱՊԿ-ին, թե խոսքը միայն երկկողմ ձևաչափի մասին է:

Ավելի վաղ դեսպանը չէր բացառել, որ խորհրդակցություններին կքննարկվի ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը: Ի պատասխան, Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: