Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիում կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական թեզից, գրում է Factor.am-ը։
Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքը», որի մասին, ի դեպ, որևէ փաստաթուղթ չկա, պետք է գործի Լաչինի միջանցքի պայմաններով․ եթե Երևանը պնդի «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր տեղադրելու վրա, ապա Բաքուն կպնդի Լաչինի միջանցքում նույն պայմանների հարցում։
Ալիևը, իհարկե, հերթական անգամ խեղաթյուրել է փաստերը, քանի որ Լաչինի միջանցքի գործարկման մասին հստակ նշվում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում, իսկ ահա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» մասին որևէ ամրագրում որևէ փաստաթղթում չկա։
«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք Լաչինի միջանցք։ Հայաստանը պետք է նույն կերպ մուտք ապահովի մեզ «Զանգեզուրի միջանցք»։ Ներկայում Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր, նույնը պետք է լինի «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե Հայաստանը պնդի, որ մաքսակետեր տեղադրվեն՝ «Զանգեզուրի միջանցքով» ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար, ապա մենք կպնդենք Լաչինի միջանցքում նույն պայմանների հարցում։ Սա տրամաբանական է»,- հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Հայաստանը որևէ պայմանագիր չի ստորագրել և Ադրբեջանին միջանցքներ տրամադրելու պարտավորություն չունի։