«Որ կոռուպցիան արմատախիլ չի արվել՝ փաստ է, բայց դժվար էր ակնկալել, որ մեկուկես տարվա ընթացքում պետք է բոլորը փոխեին իրենց մտածելակերպը»․ Հերիքնազ Տիգրանյան

Լուսանկարը՝ CIVILNET

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը

– Տիկի՛ն Տիգրանյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» 2019-ի զեկույցի համաձայն` Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում բեկումնային արդյունք է գրանցել, որի մասին հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, արդյոք պե՞տք է ոգևորվել սրանով, թե՞ ավելի շատ ջանքեր պետք է ներդնել ավելի լավ արդյունքների հասնելու համար։ 

– Միանշանակ պետք է ոգևորվել և տեմպը պահել։ Ես այսօր անհամբեր սպասում էի այդ հրապարակմանը, որովհետև 2018 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի դեպքում միայն մի հատվածն էր վերաբերում նոր իշխանության կառավարման ժամանակահատվածին, իսկ 2019-ը ամբողջությամբ եղել է նոր իշխանության կառավարման ժամանակահատվածը։ Կարևոր էր հասկանալ, թե ինչպես են գնահատվել նոր իշխանության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։ 

Այս առումով շատ կարևոր է, որ սկսած 2012 թվականից մենք ունեցել ենք 33-35 միավորի շրջակայքում գնահատական, միայն մեկ տարի՝ 2014-ին է եղել բարձր թիվ՝ 37, բայց դա եղել է մեթոդաբանության փոփոխության արդյունքում։ Դա նշանակում է, որ 2012-2018 թվականներին ունեցել ենք կայուն ճահճացած վիճակ, որևէ բեկում, ճեղքում չի եղել այդ ընթացքում։ 2019-ին միանգամից բարելավում ենք ունեցել 7 միավորով և հասել 42-ի։ Սա նշանակում է, որ իսկապես բեկում է եղել այդ ոլորտում։ 

Ասեմ, որ այս ընթացքում որևէ մեկը կասկածի տակ չի դրել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային շարժման արդյունքների արժանահավատությունը։ Միշտ հետազոտողները վկայակոչում են այս հեղինակավոր կազմակերպության զեկույցները։ 

1990-ական թվականներից այդ զեկույցները հրապարակվում են այս կազմակերպության կողմից, և շատ ուրախալի փաստ է, որ 180 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը՝ նախկին 105-րդի փոխարեն։ Սա նշանակում է, որ Հայաստանը 28 տեղով բարելավել է իր դիրքը և 7 միավորով բարելավել է համաթիվը։ 

– Տիգրան Ավինյանն իր մեկնաբանման մեջ նշել է, որ սա նշանակում է, որ մենք լուրջ առաջընթաց ունենք և տեսանելի արդյունքներ ենք գրանցում կոռուպցիայի հաղթահարման գործում։ Նաև տեղացի գործարարների և օտարերկրյա ներդրողների համար ստեղծում ենք ավելի բարենպաստ, կոռուպցիայից ազատ բիզնես միջավայր։ Կարծում եք՝ այս ցուցանիշները ներդրողների համար և՞ս մեկ ազդակ են լինելու, որովհետև նախորդ տարվա ողջ ընթացքում խոսվում էր ներդրումների մասին, որոնք այդպես էլ գրեթե չեկան։ 

– Միանշանակ սա ներդրողների համար դրական ազդակ է, որովհետև պաշտպանված ներդրումներ ունենալ և պաշտպանված իրավունքներ ակնկալել կարելի է միայն այն երկրում, որը կոռուպցիայից զերծ է։ Ընդ որում, կոռուպցիան այստեղ գնահատվում է որպես հանրային ընկալման ոլորտում կոռուպցիա։ 

Բնականաբար, եթե արդյունքները ցույց են տալիս, որ պետությունը բարելավել է կոռուպցիայի դեմ պայքարի իրավիճակը, դա նշանակում է, որ ներդրողները չունեն որևէ մտավախություն այստեղ կոռուպցիոն ռիսկերի զոհ դառնալու կամ կոռուպցիոն գործարքներում ներքաշվելու առումով։

Սա ոչ միայն լավ է ներդրումների առումով, սա ընդհանրապես պետության կոռուպցիայից զերծ դիմագիծն է, դա առնչվում է պետության միջազգային հեղինակությանը։ Այն պետությունները, որոնք կոռուպցիայից զերծ են, բնականաբար, նրանց և՛ լեգիտիմությունը, և՛ աջակցությունը, և՛ միջազգային ասպարեզում նրանց խոսքն ավելի ծանրակշիռ են։ 

– Վարչապետը բազմիցս ասել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն չի հաջողվել կոռուպցիան արմատախիլ անել երկրում։ Նաև խոսվում է պետական կառավարման համակարգի դիմադրության մասին։ Ե՞րբ կունենանք նաև միջին և ցածր օղակներում կոռուպցիոն դրսևորումների բացակայություն։ 

– Այն, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, դա ասվում է ոչ միայն երկրի առաջին դեմքի մակարդակով, այլ նաև յուրաքանչյուրը դրանում ոչ մի կասկած չունի։ Բայց որ կոռուպցիան արմատախիլ չի արվել՝ սա ևս փաստ է։ Դժվար էր ակնկալել, որ մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում պետք է բոլորը փոխեին իրենց մտածելակերպը, որովհետև երկար տարիներ պետական համակարգը ընկալվել է որպես հենց հարմարավետ մի օղակ իրենց բիզնես շահերն ամրապնդելու և մասնավոր շահը հանրային շահին ստորադասելու համար։ 

Երբ կլինի ամբողջական մտածելակերպի փոփոխություն, պետական ծառայողը կգիտակցի, թե ինչո՛ւ է գնում պետական համակարգ, ես կարծում եմ, որ խորհրդարանը լավագույն օրինակ պետք է ծառայի, որ պետք չի բիզնեսը պաշտպանելու համար գալ, ստանալ պատգամավորի մանդատ, պետք չի մտնել պետական համակարգ՝ ակնկալելով կողմնակի, ոչ օրինական վարձատրություններ հատկապես այն ոլորտներում։ 

Եթե դուք ուշադրություն դարձնեք, քաղծառայության մրցույթներում դիտարկումներն են նաև վկայում, որ երկար ժամանակ մասնակիցների առումով մրցակցային էին այն հաստիքների հետ կապված, որոնք վերաբերում էին լիցենզիոն մարմիններին, տեսչական մարմիններին։ 

Դա նշանակում է, որ մարդիկ, մտնելով այդ համակարգ, ունեն ոչ օրինական գումար վաստակելու ոչ օրինական ակնկալիքներ։

Երբ նրանց մոտ կդադարեն այդ ակնկալիքները, մտածելակերպի փոփոխություն կլինի այն մարդկանց մոտ, որոնք ցանկանում են պետական ապարատ մտնել, մարդկանց մոտ, որոնք ընդհանրապես առնչվելու են պետական մարմինների հետ, այդ ժամանակ մենք կունենանք կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության միջավայր և ստորին օղակներում կոռուպցիայի բացակայություն։

Նաև մեր մտածելակերպում նստած դատողությունը, որ շնորհակալություն հայտնելը կամ վերաբերմունք դրսևորելը կոռուպցիա չէ, ես կարծում եմ, որ այս կոռուպցիայի համաթվի բարելավումը հետագայում ևս պիտի խոսի, որ մարդիկ դա ևս դիտարկում են որպես կոռուպցիոն ռիսկ։ Մինչև հիմա դա համարվել է թույլատրելի երևույթ և հարիր հայկական արժեքներին։

Մանե Հարությունյան

MediaLab.am