Դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պարտավորեցնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ դադարեցնի ԲԽԴ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա նախ նշեց, որ Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը՝ որպես ԲԴԽ անդամ, խորհրդում նրա լիազորությունների առնչությամբ հարց չկա:
«Կա ընդամենը հայց, դատավորներից մեկը պարտավորեցման հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, խնդրում է դատարանից, որ դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի դատական ակտին»,-ասաց Վարդազարյանը:
Հայցադիմումի հիմնավորումներին նա ծանոթացել է, սակայն գնահատական չցանկացավ հնչեցնել:
Անդրադառնալով Ջհանգիրյանի տարիքին ու ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելու համապատասխանելիությանը՝ նա ասաց. «Ես գտել եմ, գտնում եմ և շարունակում եմ գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ ԲԽԴ անդամ»,-ասաց նա ու հիշեցրեց, որ ինքը, սակայն, այդ հայտարարությունն արել է, երբ Ջհանգիրյանի թեկնածության մասին դեռ միայն խոսակցությունների մակարդակով էր խոսք գնում:
Նա նշեց, որ այն պահից, երբ Ջհանգիրյանը պաշտոնապես դարձել է ԲԴԽ անդամի թեկնածու, ինքը Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չի արել, դրսևորել է այն զսպվածությունը, որը պարտադրված է Դատական օրենսգրքով, դատավորների էթիկայի կանոններով:
Վարդազարյանը նշեց՝ գտնում է, որ նախկինում Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ում աշխատելու հետ կապված էլ եղել են բազմաթիվ խնդիրներ: Նրա պաշտոնավարման հետ կապված էլ հայց է եղել դատարանում, սակայն Հարությունյանի հրաժարականից հետո հայցվորն այդ հայցից հրաժարվել է:
ԱԺ-ն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրել է հունվարի 22-ին փակ, գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: