Հայկական կողմի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը բախվում են Բաքվի ռազմական ոտնձգություններին․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին  մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով:

Ինչպես հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունները քննարկել են հանդիպման օրակարգային՝ հատկապես կազմակերպության շրջանակներում հումանիտար ու մշակութային բնագավառներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2024 թվականին Գյումրի քաղաքը «Համագործակցության սպորտային մայրաքաղաք» և 2026 թվականին Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ որոշումները: 

Հայկական կողմի ելույթում նշվել է, որ հանդիպումն անցկացվում է ԱՊՀ կանոնադրության ստորագրման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ առիթ է վերահաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հավատարմությունն այդ առանցքային փաստաթղթի հիմնարար դրույթներին, մասնավորապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, պետական սահմանների անքակտելիությանը, գոյություն ունեցող սահմանների ճանաչմանը և ապօրինի տարածքային նկրտումներից հրաժարվելուն, ինչպես նաև «ԱՊՀ ստեղծման վերաբերյալ համաձայնագրի, այդ համաձայնագրին կից արձանագրության, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների կյանքի կոչման վճռականությանը»:

Ընդգծվել է, որ միայն համատեղ կառուցողական ջանքերով հնարավոր կլինի հասնել հստակ և շոշափելի արդյունքների՝ ԱՊՀ գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում հայկական կողմից ընդգծվել է, որ իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, որոնց հերթական դրսևորումներից էր ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող ապօրինի արգելափակման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարատադության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Անդրադառնալով եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին՝ մատնանշվել է, որ հակառակ միջազգային հանրության, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ և ենթարկելով անմարդկային վերաբերմունքի:

Ամփոփելով նշվել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հայկական կողմը հավատարիմ է առկա հանձնառություններին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար: