«Սուրմալուի» դասերը․ Հասարակություն

Երևանում տեղի ունեցած աղետալի պայթյունը, զոհերը, խեղված ճակատագրերը մի ամբողջ ողբերգություն են, որ ցնցեցին բոլորիս։ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Վերջին տվյալներով ողբերգությանը զոհ են գնացել 16 հոգի, մեկ հոգի համարվում է անհետ կորած, Երևանի հիվանդանոցներում բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը 63 է:

Պայթյունին հաջորդած առաջին իսկ ժամերից հայտնվում էին մարդիկ, որոնք առաջին հայացքից ինչ-որ կապ էլ ունեին շուկայի հետ, որ սկսում են պնդել՝ թուրքերն են պայթեցրել, որոշ ժամանակ անց հայտարարությունները բազմազան դարձան՝ «Սասնա ծռերն» են պայթեցրել, Նիկոլն է պայթեցրել, ռուսներն են պայթեցրել և այլն։ Այս տարատեսակ ցնդաբանություններին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե դրանք այդքան արագ ու այդքան խոր արձագանք չգտնեին հասարակության մեջ։ 

Հայաստանի հասարակությունն ընդհանրապես լուրջ խնդիր ունի ցավը կամ աղետը ռացիոնալացնելու իր ազգային-ազատագրական մորմոքից կամ բացառիկության զգացումից դուրս։

Այսինքն՝ ցանկացած բան, որ մեզ հետ տեղի է ունենում, աշխարհի չար ուժերն են անում՝ թուրքերը, ադրբեջանցիները, ջհուդամասոնները, բելդերբերգյան ակումբը, քանի որ վախենում են մեզանից, մեր բացառիկ տաղանդներից, հողերը հետ բերելու մեր պայքարի զարթոնքից, մեր հանճարեղ բնույթից։ Բոլորը հաշվարկ է մեր դեմ՝ կործանելու համար ազնիվ ցեղը Նաիրի։ 

Ճիշտ այնպես, ինչպես 1988 թվականի երկրաշարժն էր հետևանք դավադրության՝ տեկտոնական զենքի կամ ստորգետնյա ատոմային ռումբի պայթյունի, այլապես ինչպե՞ս բացատրել նմած ծավալի ավերածությունները։

Հո չե՞նք կարող ենթադրել անգամ, որ ավերածությունների նման ծավալը հետևանք էր պարզագույն ագահության ու գողության և պանելային շենքերում ցեմենտի մասնաբաժնի անթույլատրելի սղության։ 

Նույն կերպ և հիմա հո չե՞նք կարող ենթադրել, որ պայթյունը հետևանք էր 4 տոննա պայթուցիկի տեղադրման մի պահեստում, որը ոչ միայն նախատեսված չէր պայթուցիկներ պահեստավորելու համար, այլ նաև չի ունեցել նվազագույն հրդեհաշիջման համակարգեր, չի բացառվում, որ անգամ կրակմարիչի առկայությունը համարվել է ավելորդ ձևականություն։ Ի հետևանք, օրինակի համար՝ ծխախոտը բերանին մի բանվոր կարող էր ակտիվացնել Երևանի կենտրոնում տեղադրված այս ռումբը։ 

Բայց նման պարզ բացատրությունները մեզ դուր չեն գալիս, քանի որ դրանք վայել չեն մեր հպարտ քիմքին ու կապված են մեր արարքների, գործողությունների ու որոշումների հետ, ու դրանց վերացումն էլ կապված է մեր փոխվելու անհրաժեշտության հետ։

Բայց, փոխարենը, մեղքի զգացումը, աշխատանքը ու փոխվելու անհրաժեշտությունը կարելի է իսպառ վերացնել՝ գտնելով կամ նշանակելով մեղավորի, հավաքական ասած՝ Նիկոլը կամ թուրքը, կամ ռուսը՝ դա արդեն ըստ ճաշակի։ 

Բայց ո՞ւր է այս ճանապարհը տանում, եթե ոչ անընդհատ նույն խնդիրներին բախվելը ու նույն ճահճում խորտակվելը։ Այս ճահճից դուրս գալու համար նախ հարկավոր է ընդունել, որ խնդիրը բացառապես մեր մեջ է, և ապա փորձել այն ռացիոնալացնել ու գնալ լուծումների։

Իհարկե գողանում են ամեն տեղ, անվտանգության կանոնները խախտում են ամեն տեղ, և մենք այդ իմաստով բացառիկ չենք, ինչպես և բացառիկ չենք դավադրապաշտական տեսությունների տարածման առումով:

Խնդիրը զուտ քանակական ու որակական տարբերություններն են, որոնք իրենց հերթին կապված են այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են աշխատանքային էթիկան, պետական կառավարման համակարգի, շուկայական տնտեսության կայացածությունը, կրթության համակարգը և այլն։ Սրանք իրենց հերթին խնդիրներ են՝ ամբողջությամբ տեղավորվող ընտրանու (էլիտա) գործունեության շրջանակում։ 

Այս ամենը չի նշանակում, թե մեր բոլոր խնդիրները ներքին են, ակնհայտ է, որ Հայաստանի դեմ պատերազմ է գնում, ընդ որում՝ վարվող ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, բայց միևնույն ժամանակ հարկավոր է քաջ գիտակցել, որ այս կողմերից և ոչ մեկը չի կարողանա վատագույն դեպքում կործանել Հայաստանի Հանրապետությունը, եթե լուծվեն մեր ներքին խնդիրները։

Արեգ Քոչինյան

MediaLab.am