«Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն

«Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն
«Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն

Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։ Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին:

Հաշվի առնելով, որ քրեական գործով մինչ այդ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ամբողջ ծավալով չէին բացահայտում քրեական գործի նախաքննության համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի արդյունքներն ակնկալվում է ստանալ ս.թ. սեպտեմբերի կեսերին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում:

2016-ի ամռանը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդը, Արթուր Սարգսյանը ճեղքեց ոստիկանական շղթան և սնունդ հասցրեց պաշարման մեջ գտնող զինված խմբի անդամներին:

Արթուր Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց «Սասնա ծռերին» աջակցելու համար, սակայն կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով նա նախ ազատ արձակվեց, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: 10 օր անց նա մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ վիրահատությունից ժամեր անց:

Նրա փաստաբանները բազմիցս էին հայտարարել, որ այդ վիճակով նրան կալանքի տակ պահելն անթույլատրելի է, և բոլոր այն անձինք, որոնք որոշում էին կայացրել կալանավորել, ապա կալանքի տակ պահել նրան, պետք է պատժվեն: