Վախ, հարձակումներ, վնասվածքներ. թափառող շների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ, պատկան կառույցները եւ կենդանիների պաշտպանները մեղադրում են իրար

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Երևանի թիվ 174 և 176 դպրոցների տարածքում թափառող շները վերջին շրջանում պարբերաբար հարձակվել են երեխաների վրա՝ վտանգավոր վնասվածքներ պատճառելով: Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Մարինե Օհանջանյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնք փաստում էին, որ շները կծել են երեխաներին: 

«Թիվ 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի աշխատակիցներ, հետաքրքիր է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը կամ 9 տարեկան այս տղա երեխան, որը 1 ամսից ավելի է՝ դեռ չի ապաքինվել: 

Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար, միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ՝ լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99, 101, 108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ 

Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ՝ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»,- գրել է Մարինե Օհանջանյանը:

Վերջին շրջանում թափառող շների հարցը բուռն քննարկման թեմա է, Երևանի տարբեր վարչական շրջաններից ահազանգեր են ստացվում, որ թափառող կենդանիները հարձակվում են մարդկանց վրա:

Նախորդ տարվա վերջին աննախադեպ իրադարձություն էր տեղի ունեցել.  շները Երևանի կենդանաբանական այգի էին մտել ու կենդանիներ հոշոտել: 

Հոկտեմբերի 31-ին տեղեկություն եղավ, որ Երևանի կենդանաբանական այգում շները երեք կենգուրու էին կերել: 

Այս դեպքը զարմանալի էր նրանով, որ նախկինում նման դեպքեր չէին գրանցվել այգում: 

Նոյեմբերի 1-ին գրանցվել էր շների ներթափանցման երկրորդ դեպքը՝ այս անգամ թափառող շների ոհմակը հարձակվել էր մուֆլոնների վրա, երեք մուֆլոն անկել էր:

Այս դեպքից հետո Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից հեռացավ Ռուբեն Խաչատրյանը, սակայն ամիսներ անց, այս խնդիրն իսկական պատուհաս դարձավ Երեւանի տարբեր թաղամասերի բնակիչների համար։ 

Թափառող շների հարցը շարունակում է մտահոգել մայրաքաղաքի բնակիչներին, իսկ ամենօրյա կտրվածքով, կենդանիներն իրական վտանգ են դարձել բնակիչների համար։ 

Մասնագետների պնդմամբ, խնդիրն առկա է Երևանի տարբեր վարչական շրջաններում: Վերջին օրերին հնչած ահազանգերի եւ տարբեր ահասարսուռ դեպքերը հիմք են հանդիսացել հասարակության մեջ բուռն քննարկումների համար։  

Մտահոգված են նաեւ խնդրով զբաղվող մարմինները։  Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը, ելնելով ստեղծված իրավիճակից, փետրվարի 20-ին հայտարարություն էր տարածել, որում նշվում էր. 

«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին։


Եթե շունը կծել է Ձեզ պետք է. դիմել բժշկական հաստատություն, ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծման դեպքի վերաբերյալ, թուղթը ներկայացնել ՀՈԱ, ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համար, գույն, գտնվելու վայր, ցանկալի է՝ նկար)»:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հաստատում է՝ վերջին շրջանում թափառող շների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում ստացվող ահազանգերն ավելացել են: 

Ըստ նրա՝ ահազանգերը զգալի ավելացել են, բայց դրանք ավելի շատ չեն, քան նախորդ տարվա այս ժամանակահատվածում:

«Այս փուլում որոշակի լարվածությունը կապված է եղանակի, կերի պակասի հետ: Ընդ որում, այդ կերի պակասը ոչ միայն Երևանին է վերաբերում, այլ նաև հարակից բնակավայրերին: Երևանին սահմանակից բնակավայրերից շների հոսք ու միգրացիա կա դեպի Երևան: Այսինքն՝ չստերջացված շների թիվը կարելի է նվազեցնել, բայց զրոյի հասցնել դժվար է, որովհետև այդ միգրացիան անընդհատ կա»,- «Մեդիալաբին» ասում է Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ գրեթե բոլոր մարզերում են աճել շների հարձակման դեպքերը:

Մարզերից ևս վերջին շրջանում ահազանգեր են ստացվում: Վերջին օրերին լրատվամիջոցներում այդ մասին հրապարակումներ կան: Մասնավորապես, Aravot.am-ի տեղեկացմամբ՝ փետրվարի 19-ին «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 1984 թվականին ծնված մի կին, որին կծել էր շունը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի տվյալներով՝ «շան կծած» դեպքերով 2019 թվականի վերջերից կտրուկ ավելացել է մարդկանց դիմելիությունը:

Շիրակի մարզի Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել է, որ թափառող կենդանիների վնասազերծումը քրեորեն պատժելի դարձնելուց հետո խայտառակ իրավիճակ է ստեղծվել թե՛ իրենց և թե՛ հարևան համայնքներում։

Սոցիալական ցանցերում ևս այս փուլում մեղադրանքներ են հնչում, որ ստեղծված իրավիճակը նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի հետևանք է: Բայց այս օրենքի համահեղինակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Երևանի քաղաքապետարանին է մեղադրում ստեղծված իրավիճակի համար:

«Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները որևէ պարտավորություն չունեն՝ կարդալու օրենքը և հասկանալ, թե ինչի մասին է օրենքը: Բայց ես այստեղ տեսնում եմ նաև սաբոտաժի էլեմենտ, որ քաղաքապետարանը և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ուղղակի փորձում են իրենց կատարյալ անգործության, տվյալ դեպքում ես կասեի՝ հանցավոր անգործության թիրախները շեղել դեպի օրենքը:

Քրեական օրենսգրքում մեր առաջարկած փոփոխությունն ընդամենը մեկ բանի մասին է՝ կենդանուն դիտավորյալ, ևս մեկ անգամ շեշտում եմ՝ հատուկ դիտավորությամբ խեղելը և սպանելը: Այսինքն՝ այն մասին է, որ դու չես կարող քո տանից Կալաշնիկովը վերցնել ու գնդակահարել շանը»,- «Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը: 

Նրա խոսքով՝ կենտրոնի անմիջական պարտականությունն է հավաքել քաղաքի ագրեսիվ շներին, նրանց ստերջացնել, անհրաժեշտության դեպքում՝ մարդասիրական ճանապարհով քնեցնել: 

«Եվ քանի որ այդ կենտրոնը մատնված է անգործության, իրենք փորձում են թիրախները շեղել դեպի օրենքը: Այսինքն՝ եթե օրենքը չլիներ, ի՞նչ էր անելու ծնողը, որի երեխայի վրա հարձակվել էր շունը՝ Կալաշնիկովը հանելու էր, գլխին կրակե՞ր, ոչ, զանգելու էր ոստիկանություն կամ քաղաքապետարան: Այսինքն՝ փորձել թիրախը շեղել դեպի օրենքն ու ինձ, ուղղակի ծիծաղելի մանիպուլյացիաներ են»,- հավելում է Զոհրաբյանը:

Նա նշում է, որ երկու օր առաջ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներին հորդորել է անսպասելի այց կատարել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն: 

«Եվ պատկերացնո՞ւմ եք, կենտրոնում, որը հսկայական գումարներ է ստանում շներին բռնելու ու վնասազերծելու համար, մեկ շուն անգամ չի եղել: Իսկ կենտրոնի տնօրենի պատասխանը մեր ավագանիներին կարելի է ներառել աբսուրդի ժանրի մեջ: 

Ասել է՝ շները հոտով ճանաչում են մեր կենտրոնի աշխատողներին, և երբ մեր աշխատողները մոտենում են նրանց բռնելու, փախչում են: Երևի սյուրռեալիզմի հայրերը կնախանձեին այս աբսուրդին: Այո՛, վերջին շրջանում ագրեսիվ դարձած և ավելացած թափառող շների համար պատասխանատուն քաղաքապետարանն է, ուղղակի պատասխանատուն քաղաքապետն է ու նրանց ենթակայությամբ գործող այդ կառույցը»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը: 

Նա քաղաքացիներին հորդորում է չենթարկվել մանիպուլյացիաների, օրենքն ընդամենն այն մասին է, որ չի կարելի դիտավորյալ կենդանուն խեղել:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձում է Նաիրա Զոհրաբյանին. 

«Պետք է տիկին Զոհրաբյանին ասել, որ դա շների կացարան չէ, դա շների ստերջացման ժամանակավոր կենտրոն է»:

Կարապետյանի խոսքով՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի ղեկավարը պարզաբանել է, թե այս օրերին կենտրոնը մասամբ է աշխատում: 

«Մի քանի օրերի ընթացքում կենտրոնը մասամբ է աշխատում, քանի որ երկու մեքենա ունեն, որոնք սպասարկում են երկու կարգախմբերին, ովքեր գնում են ու շներ որսում: Եվ այդ մեքենաներից մեկը հիմա խափանված է: Դա մի քանի օրվա խնդիր է: Հիմա, այո՛, կա լարված իրավիճակ, բայց այնպես չէ, որ կենտրոնը չի աշխատում, աշխատում է՝ ընթացքում իր խնդիրները լուծելով և նաև սպասելով այն հիմնական շենքին, որի կառուցումն արդեն մոտ է ավարտին: Եվ այնտեղ տեղափոխվելուց հետո աշխատանքները շատ ավելի արդյունավետ կլինեն»,- ասում է Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշում է, որ երկրորդում է Նաիրա Զոհրաբյանին՝ կենդանիների պաշտպանության մասին օրենքը չի կարող լարվածության պատճառ լինել:

«Եթե հասարակության վրա բերենք օրինակը, մենք հանցագործությունների աճը չենք կարող պայմանավորել, օրինակ, նրանով, որ ինչ-որ պահի որոշել ենք, որ պետք է մահապատժի ինստիտուտը վերանա: Հիմա մենք մարդկանց և կենդանիների համակեցության մեջ ընտրել ենք այն կանոնը, որ կենդանիներին չպետք է ոչնչացնենք: 

Դա, իհարկե, չի նշանակում, որ մարդկանց անվտանգությունը և կոմֆորտը երկրորդ պլան են մղվում, բայց մենք գտնվում ենք անցումային փուլում, որ կենդանիների ոչնչացման պրակտիկան վերացել է, և որդեգրվել է այլ մեթոդներով խնդրի լուծման սկզբունքը»,- նշում է Կարապետյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am