Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից վարձկաններ․CIT-ի հետաքննական հոդվածը

Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Conflict Intelligence Team-ը հետաքննական հոդված է հրապարակել և հերքել պաշտոնական Բաքվի և Անկարայի հայտարարությունները, թե, իբր, ԼՂ հակամարտության գոտում վարձկաններ չեն օգտագործվում։

 «Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հենց սկզբից հաղորդագրություններ էին ստացվում Ադրբեջանի կողմից մարտերում սիրիացի վարձկանների մասնակցության մասին։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ Օրինակ, այդ տեղեկությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանում ունեցած իր ելույթում։

Սակայն այդ մասին գրում էին ոչ միայն հայամետ փորձագետները, այլև Սիրիայի հակամարտությամբ զբաղվող անկախ փորձագետները և Սիրիայում բազմաթիվ արևմտյան ԶԼՄ-ների լրագրողները, և նույնիսկ պաշտոնապես հայտարարել են շատ երկրների իշխանությունները, այդ թվում ՝ անձամբ Ֆրանսիայի նախագահը»,- նշում  է Conflict Intelligence Team-ը։

Conflict Intelligence Team-ը ներկայացրել է, թե ինչպես է սոցցանցերի օգտատերերին հաջողվել գտնել սիրիացի վարձկանների մասնակցությամբ տեսանյութերի նկարահանման վայրերը՝ հաստատելով, որ դրանք իսկապես նկարահանվել են ինչպես Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքում, ուր կարողացել են թափանցել  ադրբեջանական դիվերսիոն խմբերը։

«Մասնավորապես, սիրիացիները ներկա են եղել ռազմաճակատի գծի հարավային մասում, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին ընթանում Հադրութ բնակավայրի համար։

Այսպիսով, բաց աղբյուրներից ստացված տվյալները հերքում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, թե սիրիացի վարձկանները չեն մասնակցում հակամարտությանը ։ Ընդ որում, հակամարտության ընթացքում ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, որը թույլ է տալիս ավելի շատ հասկանալ վարձկանների կազմի եւ պատրաստման, ինչպես նաեւ ժամանակագրության եւ նրանց արցախա-ադրբեջանական հակամարտության գոտի մտցնելու նպատակների մասին:

Սիրիացիները, որոնք կռվում են Լեռնային Ղարաբաղում, ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հավաքագրվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Բացի տեղի բնակիչներից, այնտեղ բնակվում են բազմաթիվ փախստականներ (ավելի ճիշտ ՝ ներքին տեղահանված անձինք) երկրի այն շրջաններից, որոնք վերահսկվում են Դամասկոսի կողմից ։ Այդ տարածքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերահսկվում են թուրքական զորքերի կողմից, որոնք 2016 թվականից ընդլայնում են իրենց ներկայությունը Սիրիայի տարածքում, այդ թվում ՝ սիրիացիներից հավաքված խմբավորումների միջոցով»,- նշված է հոդվածում։

Մանրամասները՝ այստեղ