«Եթե հակառակորդը դիմում է նման քայլերի, պետք է ուժի դիրքերից պարտադրել թշնամուն գնալ խաղաղության»․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցազրույցը քաղաքագետ Կարեն Վերանյանի հետ

– Պարո՛ն Վերանյան, ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ, որը ստանդարտ տեքստ է և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը։ Ինչպե՞ս եք դուք գնահատում այդ հայտարարությունը։

– ՀԱՊԿ-ի այս հայտարարությունը ընդհանուր առմամբ էականորեն չի տարբերվում նախորդ հայտարարություններից, և՛ տրամաբանությունը, և՛ ձևակերպումները նույնն են ու մյուս հայտարարությունների համեմատ չեն փոխվել։

Ակնկալիքները այս կառույցի հայտարարությունների մասով մեծ չէին։ Եթե հայտարարությունները հիմնականում լինում են ընդհանրական, ոչ հասցեական, ապա հարց է առաջանում՝ ի վերջո, տարբերություն պե՞տք է լինի՝ ՀԱՊԿ անդա՞մ երկիր է, որի անվտանգությունը խախտվում է, թե՞ էական չէ՝ անդամ երկիր է, թե ոչ։

Այսինքն՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Ցավոք, հայտարարությունները չէ խնդիրը, խնդիրն այն է, որ դրանց հաջորդող զսպող մեխանիզմ չկա, որը կզսպի Ադրբեջանի՝ ոչ անդամ պետության ռազմաքաղաքական ղեկավարության արկածախնդրությունը։

Կարծում եմ՝ ինչպես շատ միջազգային անվտանգային կազմակերպություններում, պետք է լինի հստակ մեխանիզմների համակարգ, որոնք պետք է ենթադրեն պատժիչ լծակներ։

– Հայտնի է, որ ՀԱՊԿ անդամ շատ երկրներ ջերմ, բարիդրացիական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Արդյոք նրանց խնդիրը եղել է չփչացնել այդ հարաբերությունները։

– ՀԱՊԿ-ի ներսում կան որոշակի քաղաքական մոտիվացված դրսևորումներ։ Այսինքն՝ երբ պետք է առաջ բերվեն անվտանգությունը, պաշտպանությունը, ի հայտ են գալիս լրիվ այլ հիմնահարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են քաղաքական գործընթացներին։

Մինչդեռ անվտանգությունը, պաշտպանությունը պետք է հետ մնան քաղաքական գործընթացներից։ Որքան էլ դրա անդամ պետությունները լինեն հակասությունների մեջ, կառույցը պետք է առաջնորդվի ընդհանուր տրամաբանությամբ։

– Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս պարագայում։

– Այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմը փայլուն է աշխատում նաև արտաքին ասպարեզում, դիվանագիտական հարթակներում՝ ուղարկվում են նամակներ, ուղերձներ են հղվում, հայտարարություններ են հնչում եվրոպական կառույցներից։ Բավական հստակ ու անթերի աշխատանք է կատարվում՝ ցույց տալու Ադրբեջանի արկածախնդրությունը։ 

– Ի՞նչ եք կարծում՝ հակառակորդը առաջխաղացման կդիմի։

– Ռազմական գործողությունները Ադրբեջանին և Ալիևի իշխանությանը ձեռնտու չեն։ Այդ երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է, և Ալիևը իշխանություն պահելու խնդիր ունի։

Եթե նա վաղը փորձի խորքային ռազմական գործողություններ իրականացնել, երաշխիք չկա, որ նրա իշխանությունը ամուր կմնա։ Հակառակը՝ քանի երկարի ռազմական գործողությունների ընթացքը, և մեր հարվածները որքան ցավոտ լինեն, Ալիևի իշխանության բուրգը այնքան թուլանալու է։

Կարծում եմ, դա իրենք շատ լավ են հաշվարկել, և դրա հիման վրա Ալիևը կխուսափի լայնածավալ գործողություններ իրականացնելուց։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ հայկական կողմի գործողությունները դիպուկ են, թիրախային ու փայլուն, և ես ողջունում եմ ռազմական ոլորտի ներկայացուցիչներին՝ շարքային ծառայողից մինչև գեներալ, նման փայլուն գործողություններ իրականացնելու համար։

– Դիրքի գրավման մասին հայտարարվեց։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա Դավիթ Տոնոյանի նախանշած «տարածքներ խաղաղության դիմաց» չի լինելու, այլ լինելու է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» մարտավարության շրջանակներում է։

– Այո՛, եթե կհիշեք՝ Դավիթ Տոնոյանը հրապարակեց իր տեսլականը զինված ուժերի զարգացման, ռազմավարության վերաբերյալ։ Սա, կարծում եմ՝ առաջին փորձությունն է, որը հմուտ կերպով իրականացվեց։

Շատ ողջունելի է, որ նման հայեցակարգերը չեն մնում թղթի վրա ու հետևողականորեն կյանքի են կոչվում։ Ես կարծում եմ՝ դրանք ոչ միայն մարտի դաշտում են կյանքի կոչվելու, այլև բանակաշինության ամենօրյա աշխատանքում։ Դա վստահաբար կտեսնենք և կունենանք ամուր պաշտպանական համակարգ։

– Այսինքն՝ դուք պաշտպանական համակարգում ստրատեգիական գործողությունների, ռազմավարության տարբերություն տեսնո՞ւմ եք։

– 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Ալիևին հաջողվել էր իր հասարակությանը ներարկել այն մտայնությունը, թե իրենց զինված ուժերը ամեն ինչի ընդունակ են և ուժեղ են։

Չորս տարի նրանք հանրությանը սնել են այդ մտքերով։ Բայց այս քանի օրերը ցույց տվեցին հակառակը։ Իհարկե, Հայաստանի զինված ուժերը փոխել են իրենց ռազմավարությունը․ եթե մենք նախկինում շատ ավելի պաշտպանողական դիրքերից էինք հանդես գալիս, հակառակորդի խոցման դիրքերից, բայց հիմա մեր քայլերը, դիրքորոշումը շատ ավելի նախահարձակ է, շատ ավելի կոշտ է որոշ դեպքերում, եթե հակառակորդը կարող է դիմել սադրանքների։

Պարոն Տոնոյանն ինքն էլ հայտարարեց, որ սահմանային անվտանգության խախտման հակառակորդի ցանկացած քայլ հանդիպելու է դիրքային նոր առաջխաղացման։

Շատ խորհրդանշական ձևակերպում է և համատեքստում ամբողջացնում է ռազմավարական կոնցեպտուալ մոտեցումները։ Խաղաղությանն այլընտրանք չկա, բայց եթե հակառակորդը դիմում է նման քայլերի, և պատերազմը առկախում է մեզ համար, իհարկե պետք է ուժի դիրքերից պարտադրել թշնամուն գնալ խաղաղության։

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ շնորհիվ հայկական զինված ուժերը առավելություն ունեն։

– Ես կարծում եմ՝ մեր ռազմաքաղաքական վերնախավում փոխվել են հարցերի նկատմամբ դիրքորոշումը, մոտեցումը։

Առաջնային է ոչ ստանդարտ մոտեցումների առաջքաշումը, որը հնարավորություն է տալիս կիրառել Smart power ասվածը։ Երբ անհրաժեշտ է երկխոսել բանակցային ճանապարհով, գնալ բանակցությունների, մենք դա անում ենք, և հայկական կողմը պատրաստ է երկխոսել։

Մյուս կողմից՝ մեր դիրքորոշումը կարող է կոշտ լինել այն դեպքում, երբ հակառակորդը գնում է սադրիչ քայլերի։ Այս տեսանկյունից ես հիմա տեսնում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը ավելի կոշտ է հիմա։

Ապրիլյան գործողություններում մեր թերացումները կարծում եմ դաս են, և դրանից հետո սա առաջին խոշոր փորձությունն էր, որ այդ դասը այլևս չկրկնենք։ Հակառակը՝ մեր գործողությունները շատ փայլուն են, և ադրբեջանական հասարակության շրջանում իրենց զինված ուժերի վերաբերյալ ունեցած կարծրատիպերը կոտրել ենք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am