ԱՄՆ նախագահական թեժ ընտրապայքարը. լավ լուր ամերիկահայերի համար

ԱՄՆ նախագահական թեժ ընտրապայքարը. լավ լուր ամերիկահայերի համար
ԱՄՆ նախագահական թեժ ընտրապայքարը. լավ լուր ամերիկահայերի համար

Այժմ, երբ Միացյալ Նահանգների երկու հիմնական կուսակցություններն սկսել են նախնական ընտրություններ անցկացնել՝ այս տարի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ներկայացուցիչներին որոշելու համար, ամերիկահայերը փորձում են կողմնորոշվել, թե ութ թեկնածուներից ում քվե տան:

Ես կցանկանայի առաջարկել, որ հայերն այսուհետ ձեռնպահ մնան նախագահի թեկնածուներին հարցնելուց, թե արդյոք ընտրվելու դեպքում նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Գոյություն ունի երկու խնդիր կապված նման հարցադրման հետ.

1. Հայերը նախորդ հիասթափեցնող փորձերից պետք է իմանան, որ չեն կարող վստահել թեկնածուներից շատերի տված խոստումներին:

2.  Կարիք չկա նման խոստում խնդրել, քանի որ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է ԱՄՆ կառավարության տարբեր ճյուղերի կողմից երկար տարիներ առաջ.

ա) 1951 թվականին պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել Միջազգային դատարան ԱՄՆ կառավարության կողմից.

բ) 1975 և 1984 թվականներին բանաձևեր են ընդունվել Ներկայացուցիչների պալատի կողմից.

գ) 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագիրը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը:

Ավելին, ցեղասպանության ճանաչման շարունակական հետապնդումը, երբ այն արդեն ճանաչված է, կարող է պարզապես կասկածի տակ դնել դրա հավաստիությունը:

Դրա փոխարեն, ամերիկահայերը պետք է հետաքրքրվեն նախագահի թեկնածուների  դիրքորոշումների մասին ավելի անմիջական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝

1) Ավելի շատ արտաքին օգնության հատկացում Հայաստանին և Արցախին.

2) ԱՄՆ առևտրի խթանում Հայաստանի հետ.

3) Ճնշումներ Թուրքիայի վրա Հայաստանի շրջափակումը վերացնելու համար.

4) Պահանջել, որ Թուրքիան վերադարձնի առգրավված հայկական եկեղեցիները Պոլսո Հայոց պատրիարքարանին.

5) Դատապարտել Ադրբեջանին՝ նրա բազմաթիվ սպառնալիքների և Հայաստանի ու Արցախի վրա հարցակումների համար.

6) Աջակցություն Արցախի անկախությանը:

Ընտրվելուց հետո նախագահը կցանկանա բավարարել այս պահանջներից մի քանիսը՝ պահպանելու համար հայ համայնքի աջակցությունը իր վերընտրության հետագա քարոզարշավի ընթացքում:

Ստորև ներկայացվում են նախագահի բոլոր վեց հանրապետական թեկնածուների դիրքորոշումները  հայկական հարցերի վերաբերյալ.

Նահանգապետ Ջեբ Բուշ (Ֆլորիդա)

– 1988 թ. դեկտեմբերի 24-ին, երկրաշարժից անմիջապես հետո, նա որդու հետ մեկնել է Հայաստան մարդասիրական առաքելությամբ.

– 2006 թ.ապրիլի 7-ին հրապարակել է հռչակագիր Հայոց ցեղասպանության մասին.

– 2013 թ. ստացել է «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմից:

Նահանգապետ Ջոն Կասիչ (Օհայո)

– Ստացել է վատ վարկանիշներ (C, D և F) Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման մեծ մասի ընթացքում, 1983-2001 թվականերին.

– 1991 թ. ստորագրել է Արցախի անկախությանն աջակցող նամակ՝ ուղղված նախագահ Բուշին և խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչովին.

– 2000 թ. համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը.

– 2012 թ. որպես նահանգապետ հռչակագիր է ստորագրել Հայաստանի անկախության օրվա առիթով:

 Սենատոր Թեդ Քրուզ (Տեխաս)

– 2014 թ. ստացել է միջակ վարկանիշ (C) Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից.

– 2015 թ. հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ և համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը.

Սենատոր Մարկո Ռուբիո (Ֆլորիդա)

– 2012 և 2014 թթ. համապատասխանաբար ստացել է C և B վարկանիշներ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից.

– 2014 թ. կողմ է քվեարկել  Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում.

– 2015 թ. համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը.

– 2015 թ. ստորագրել է նախագահ Օբամային հղված նամակ՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նյարդավիրաբույժ Բեն Կարսոն (Միչիգան). հայկական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չունի:  

Գործարար Դոնալդ Թրամփ (Նյու Յորք). հայկական հարցերի վերաբերյալ հայտարարություններ չունի: 

Ստորև ներկայացվում են նախագահի երկու դեմոկրատ թեկնածուների դիրքորոշումները  հայկական հարցերի վերաբերյալ.

Պետքարտուղար Հիլարի Քլինթոն (Նյու Յորք)

– Որպես սենատոր ստորագրել է նախագահ Բուշին ուղղված նամակ՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2005 և 2006 թվականներին.

– Համահովանավորել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը 2006 և 2007 թվականներին.

– 2008 թ. որպես նախագահի թեկնածու խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը.

– Ավելի ուշ 2008 թ. Նյու Յորքում ելույթ է ունեցել թուրքական մշակութային կենտրոնի  հանդիսավոր ճաշկերույթում, այն ժամանակվա վարչապետ Էրդողանի ներկայությամբ.

– 2010 թ. պաշտոնական այցով Երևանում գտնվելու ժամանակ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին, որը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անվանեց «մասնավոր» քայլ՝ չնայած ժապավենի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնից».

– 2012 թ. որպես ԱՄՆ պետքարտուղար հիշատակել է Հայոց ցեղասպանությունը որպես «պատմական բանավեճի նյութ»՝ հակասելով ավելի վաղ իր հստակ դիրքորոշմանը այս կարևոր հարցում:  

Սենատոր Բեռնի Սանդերս(Վերմոնտ)

– 2012 և 2014 թվականներին ստացել է համապատասխանաբար A+ և C վարկանիշներ Ամերիկայի Հյա Դատի հանձնախմբի կողմից.

– 1991-2007 թթ. Ներկայացուցիչների պալատում իր պաշտոնավարման ընթացքում նա աջակցել է տարբեր հայկական հարցերի, ներառյալ Ցեղասպանության մասին բանաձևերին՝ 1996, 1997 և 2000 թվականներին.

– 2002, 2003 և 2004 թթ. ստորագրել է նախագահ Բուշին հղված նամակները՝ կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը.

– 2012 թ. որպես սենատոր համահովանավորել է երկու բանաձև՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից հայկական եկեղեցիների վերադարձի վերաբերյալ:

Նախնական ընտրությունների և հարցախույզերի արդյունքները ցույց են տալիս, որ երկու կուսակցությունների թեկնածուներից ոչ մեկը ճնշող մեծամասնություն չունի ներկայումս և հավանաբար նոյեմբերի ընտրություններին, ինչը որ խրախուսելու է թեկնածուներին ավելի զիջողական լինել բոլոր ընտրողների, այդ թվում՝ ամերիկահայերի հանդեպ:

Այս պայմաններում, իմ առաջարկն է Ամերիկահայ համայնքին՝ զերծ մնալ որևէ թեկնածուին վաղօրոք աջակցելուց: Որևէ մեկին զորակցելու որոշումը կարելի է կայացնել ավելի ուշ, քանի որ նախագահական ընտրապայքարն ավելի կթեժանա, իսկ թեկնածուներն ավելի խիստ կարիք կունենան մեր քվեների…

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com