«Skyball»-ը մի քանի օդապարիկներով թռիչք կիրականացնի Արագած լեռան վրայով

«Skyball»-ը հունվարի 18-ին կիրականացնի Արագած լեռան վրայով ևս մեկ երկար սպասված թռիչք՝ մի քանի օդապարիկներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն՝  ընդգծելով,որ տարբեր երկրներից ժամանած 7 օդաչու կմասնակցի թռիչքին:

«Շատերը կհիշեն, որ անցած ձմռանը ես և իմ ընկեր Սերգեյ Բաժենովը իրականացրինք Գյումրի-Երևան թռիչք՝ Արագած լեռան գագաթների վրայով։Միանշանակ կարող եմ ասել,որ մինչ օրս ունեցած հազարավոր թռիչքներից ամենատպավորիչը և հիշարժանը հենց այդ թռիչքն էր։

Ցանկանալով կիսել այս հրաշք տեսարանները մեր ընկերների հետ՝ որոշել ենք հունվարի 17-23-ը խաղարկել «‎Արագածի գավաթ 2023»»,-ասաց «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։

Նա ընդգծեց,որ նախատեսվում է Արագածի գագաթների վրայով միաժամանակ մի քանի օդապարիկների թռիչք, և այն թիմը, որը կկարողանա անցնել գագաթների վրայով, կպարգևատրվի «‎Արագածի գավաթ 2023»-ով։

Նաիրին ասաց,որ երթուղին իրականացվելու է Գյումրիից Գառնի,իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը լինելու է 4-5 ժամ՝ մինչև 6000 մետր բարձրության վրա։