«Նաիրիտը» չի գործում, բայց աշխատակիցները դեռ հավատում են, որ այն կվերագործարկվի

«Նաիրիտը» չի գործում, բայց աշխատակիցները դեռ հավատում են, որ այն կվերագործարկվի
«Նաիրիտը» չի գործում, բայց աշխատակիցները դեռ հավատում են, որ այն կվերագործարկվի

Կաուչուկ արտադրող երեւանյան գործարանն արդեն ապրել է իր դարը, սակայն «Նաիրիտի» աշխատակիցները դեռ հույս ունեն, որ այն կրկին կսկսեն շահագործել: 

Երբեմնի հզոր «Նաիրիտ» գործարանը, որն ունի մոտ 3000 աշխատող, 2010թ-ից չի աշխատում, արտադրանք չի տալիս, բայց աշխատակիցները շարունակում են աշխատանքի գնալ, չնայած աշխատավարձ ստանալու հույս էլ չունեն:

«Արդեն երրորդ տարին է, որ «Նաիրիտը» կանգնած է, չի աշխատում ու աշխատողների 70%-ը 2/3 աշխատավարձով նստած է տանը: Նրանց 2/3-ի չափով աշխատավարձ է գրվում ու նրանք ստիպված պարապուրդի են մատնվում, մնում են տանը: Մնացած 30%-ն աշխատանքի են գնում, որ քիմիական գործարանը նորմալ վիճակում պահվի՝ ոչինչ չփչանա, չգողանան, հետո նյութեր կան, որոնք պետք է պահպանված լինեն, որ շրջապատին էլ վնաս չտան: Այդ 30%-ին աշխատավարձ տրվում է 100%-ով, բայց ուշացումներով՝ 40 օրը մեկ, երկու ամիսը մեկ», – պատմում է 1972թ-ի հոկտեմբերից մինչ օրս առանց ընդմիջման «Նաիրիտ» գործարանի ացետիլենի արտադրությունում հերթափոխի վարպետ Սերժիկ Բեժանյանը:

Գործարանի աշխատակիցներն ապրիլի 29-ին հերթական ցույցն էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել 10 ամսվա չվճարված աշխատավարձը: Սա «Նաիրիտի» աշխատակիցների նմանատիպ առաջին բողոքը չէր: 11 ամսվա չվճարված աշխատավարձը վճարելու պահանջով նրանք կառավարության շենքի դիմաց հավաքվել էին նաեւ 2012թ-ի նոյեմբերին:

Դեռ նոյեմբերի բողոքի ցույցի ժամանակ, աշխատողներին, ինչպես եւ այս անգամ, խոստացել էին հաջորդ օրը վճարել մեկ, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ երկրորդ ամիսների աշխատավարձերը: Ավելին, նախագահական նստավայրում աշխատակիցներին խոստացել էին մինչեւ նոյեմբերի 25-ը լուծել գործարանի գործարկման հարցը:

«Չորս-հինգ անգամ արդեն եղել ենք նախագահական նստավայրի առաջ, ամեն բողոքից հետո մի երկու ամսվանը տվել են ու հետո նորից երկար ժամանակ չեն տվել: Վերջին անգամ արդեն գնացինք կառավարություն, այնտեղ խոստացան, որ մեկ օր անց կտան: Տվեցին: Այս անգամ ստացա անցած տարվա`2012թ. մայիսի աշխատավարձը: Եթե հնարավոր էր այդ գումարը տալ, ինչո՞ւ չէին տալիս, եթե պարտք էին վերցնելու, էլի թող վերցնեին… չենք հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասում է Սերժիկ Բեժանյանը:

Արհեստական կաուչուկ արտադրող երեւանյան «Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 1940թ-ին: Գործարանը ԽՍՀՄ երկրներին եւ ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: «Նաիրիտը» Անկախ պետությունների համագործակցության եւ Արեւելյան Եվրոպայի տարածքում քլորոպրենային կաուչուկների եւ լատեքսների միակ արտադրողն էր:

Կառավարության հաշվարկներով`«Նաիրիտի» վերազինման եւ վերագործարկման համար անհրաժեշտ է 512 միլիոն դոլար, որից 146-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, իսկ 366-ը` գործարանի արդիականացմանը:

Դեռ 2006 թվականին «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնվեցին Rhinoville Property Limited անվանմամբ օֆշորային ընկերությանը, որն այդ բաժնետոմսերը գրավ դրեց ԱՊՀ միջպետական բանկում, վարկ վերցրեց ու վճարեց ՀՀ կառավարությանը: Մի քանի տարի հետո պարզվեց, սակայն, որ չնայած գործարանը գործում էր, նրա պարտքն ավելի է մեծացել, դառնալով ավելին, քան բաժնետոմսերի գինն էր: Rhinoville Property Limited-ն այդպես էլ չփակեց ԱՊՀ միջպետական բանկից վերցրած վարկը, ինչի հետեւանքով «Նաիրիտի» բաժնետոմսերը դարձան այդ բանկի սեփականությունը:

2009թ. «Նաիրիտում» խոշոր պայթյուն տեղի ունեցավ, որից հետո գործարանն այդպես էլ մինչեւ վերջ չվերագործարկվեց: 2011թ.-ին «Նաիրիտի» նոր օպերատոր ընտրելու համար մրցույթ հայտարարվեց: Մրցույթում հաղթեց գերմանական C.A.C  ընկերությունը, որը որոշ ժամանակ անց անհայտացավ:

«Նաիրիտ» գործարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը շատ դժվար է։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը նշել է, որ գործով զբաղվում է հենց նախարարը՝ Արմեն Մովսիսյանը։

Իր վերջին՝ ապրիլի 15-ի հարցազրույցում նախարարը, այդուհանդերձ, հնարավոր է համարել ու չի բացառել, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատեր առաջիկայում կարող է դառնալ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը։

«Նախապես ներդրումային առաջարկ «Ռոսնեֆտ»-ը չի ներկայացրել։ «Ռոսնեֆտը» նոր է սկսել։ «Ռոսնեֆտ»-ն աշխարհի ամենահզոր ընկերություններից մեկն է: Եթե նրանք այսօր ցանկություն են հայտնել ուսումնասիրելու Հայաստանի էներգետիկ դաշտը՝ համարելով, որ կարելի է նաեւ այստեղ ծավալվել, դա ՀՀ-ի համար բավական մեծ հաջողություն է»,– ասել է Ա.Մովսիսյանը www.1in.am էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում:

Մինչ այս, էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու երեք ընկերությունների առաջարկներ է քննարկել, սակայն, որոնք են այդ ընկերությունները, նախարարը հրաժարվել է պարզաբանել։

Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ներից «Իզվեստիա» պարբերականում տեղ գտած հրապարակման համաձայն`Ռուսաստանը համաձայնել է «ԵվրԱզէՍ» հիմնադրամից 400 միլիոն դոլարի վարկ հատկացնել «Նաիրիտի» արդիականացման համար:

Սակայն անգամ հնարավոր ներդրողների առկայության դեպում, դեռեւս անհայտ է`կկարողանա արդյո՞ք «Նաիրիտը» վերագտնել իր տեղը ժամանակակից համաշխարհային շուկայում, եւ որքան գումար կպահանջվի այն պատշաճ մակարդակի հասցնելու համար:

«Գործարանը տարեց տարի կորցնում է իր արտադրանքի մասով գրավչությունը, ինչպես նաեւ ազդեցությունը համաշխարհային շուկայում, եթե նախկինում ունեինք գերիշխող դիրք, ապա այսօր եւ՛ կաուչուկի մասով, եւ՛ մյուս արտադրատեսակների, շատ ավելի նվազ մրցունակ ենք ու պահանջարկ կարող ենք ունենալ, որովհետեւ չինական ընկերությունները համաշխարհային շուկայում բավական լուրջ եղանակ են ստեղծում»,- կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի կարծիքով, նույնիսկ եթե գործարանը բերվի կատարյալ վիճակի, այն արդեն կորցրել է շուկաների զգալի մասը, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոններին, որոնք պայմանավորում են գործարանի աշխատանքի արդյունավետությունը: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով հնարավոր կլինի գրավիչ ու շահութաբեր բիզնես պլան կազմել, այսօրվա իրավիճակից ելնելով, եւ շահագրգռել պոտենցիալ ներդրողին:

«Շահավետ բիզնես պլանի ներուժ գործարանն ունի,- այդուհանդերձ կարծում է Թ.Մանասերյանն ու հավելում, – Բայց դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր չէ, այսինքն` արագ լուծման խնդիր չէ: Դրանք կարող են լինել արդյունաբերական հսկաներ կամ միջազգային կորպորացիաներ, որոնց համար ռիսկի գործոնն արդարացված կլինի եւ երկար տարիների ընթացքում կարող են իրենց թույլ տալ ներդրումներ անել, որոնց արդյունքները ոչ թե շուտ կերեւան ու միանգամից շահույթներ կբերեն, այլ կամաց-կամաց»:

Սակայն գործարանի վարպետ Սերժիկ Բեժանյանը պնդում է,որ իրենք բազմիցս են լսել «Նաիրիտի» հետ կապված հնարավոր գործարքների մասին:

«Մեզ ամեն անգամ խոստանում են, որ բանակցություններ են ընթանում ու կգա ժամանակ, որ գործարանը նորմալ կաշխատի: Անգլիայից եկան նայեցին գործարանը, Ռուսաստանից, հույս ունենք, որ այն կաշխատի, բայց երբ՝ չգիտենք: Վերջին անգամ ասացին, որ երեք ամսից պարզ կլինի կաշխատի՞, թե ոչ», – ցավով նշում է նա:

Չնայած գործարանի աշխատանքային անձնակազմը պահպանվում է, տնտեսագետ Մանասերյանը մտահոգվում է, որ «Նաիրիտի» համար կարեւորագույն նշանակություն ունեցող մասնագետները լքում են Հայաստանը:

 «Պետք է հաշվի առնել հատկապես ինժեներատեխնիկական կադրերը, որոնցից շատերն արդեն Հայաստանում չեն: Կադրերի արտահոսքը նոր խնդիր չէ, բայց եղած մասնագետներին պահելու, հատկապես լավ մասնագետներ պատրաստելու համար նպատակային ծրագրեր են անհրաժեշտ ու համոզմունք եղած աշխատողների մոտ, որ իրենք կպահպանեն իրենց տեղը: Սա բավական լուրջ խնդիր է»,- նշում է նա:

Արփի Բեգլարյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net