«Ստացվում է՝ թոշակառուներին 5000 դրամ ավելի գումար է տրվում». Կառավարությունը սրբագրել է նախնական մոտեցումը

Կենսաթոշակառուներին և նպաստառուներին բանկային քարտով անկանխիկ գնումներ կատարելու դիմաց խրախուսելու հարցում Կառավարությունը սրբագրել է մոտեցումները. եթե նախորդ՝ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստին գործադիրը մտադիր էր թոշակառուներին անկանխիկ գնման դիմաց զեղչեր նվիրել, ապա այսօր հայտարարվեց՝ անկանխիկ գնման դիմաց առաջարկում են հետվճար (cashback): Այսինքն՝ հուլիսի 1-ից քարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ կատարելու դեպքում հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10% հետվճար, որը չի կարող գերազանցել 5000 դրամը:

«Նախորդ տարբերակը անորոշություններ ու ռիսկեր էր պարունակում, իսկ այսօրվա առաջարկած տարբերակը միանգամայն այլ է և խնդիր չի հարուցի»,- «Մեդիալաբին» ներկայացնում է «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը:

Նախնական տարբերակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների համար բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառեն զեղչեր, արդյունքում նույնիսկ ընդգծեց թոշակները 10 տոկոսով բարձրացնելու հնարավորությունը: «Այստեղ պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն Կառավարության, բանկային համակարգի և արդեն մասնավորի կողմից: Գիտեք, եթե ըստ էության շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով»,- մայիսի 13-ի Կառավարության նիստին ասել էր վարչապետը:

Այսօր Կառավարության նիստին ներկայացվել է նոր մոտեցումը, և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու մասին այս միջոցառումը պետությունից որոշակի նպաստ, դրամական միջոց ստացող շահառուների գնողունակության բարձրացումն է:

«Սկզբում խոսվում էր ապրանքների զեղչի մասին, որի դեպքում փոխհատուցումը տրամադրվում էր տնտեսվարողներին ու բանկերին: Բացի այդ, կար առևտրի կետերի սահմանափակում: Հավանաբար տեսան՝ դժգոհություն է առաջացնում նախորդ տարբերակը, առաջարկել են նոր մոտեցում: Այս տարբերակը լավն է, քանի որ սահմանափակում չկա, թե որտեղից ես գնում կատարում, հետվճարը փոխանցվում է անձին՝ թոշակառուին, նպաստառուին»,- նշում է Թադևոսյանը:

Կազմակերպության նախագահի ներկայացմամբ՝ ստացվում է՝ հաջորդ ամիս թոշակառուն անկանխիկ եղանակով իր կատարած գնման 10 տոկոսի չափով ավելի գումար հետ է ստանում իր բանկային քարտին: «Այս տարբերակով ստացվում է, որ թոշակառուներին լրացուցիչ 5000 դրամ վճարվում է: Այդ գումարը ծախսածի դիմաց գալիս, նստում է իր բանկային քարտին»,- բացատրում է մասնագետը:

Այս միջոցառումը փորձնական է, գործելու է 6 ամիս: Այդ նպատակով այս տարվա բյուջեում ծախսերի ավելացում տեղի կունենա՝ մինչև 5.66 մլրդ դրամի չափով: Մինչև հունիսի 1-ը կհրապարակվի գործընկեր բանկերի ցուցակը, և կենսաթոշակառուն կարող է փոխել իր բանկը, եթե տեսնի, որ իր բանկը, որտեղից ստանում է կենսաթոշակը, գործընկեր բանկերի շարքում չէ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am