Երկու կրակի արանքում. Սիրիահայերը ՀՀ իշխանությունների անտարբերության մեջ տեսնում են Ռուսաստանի միջամտությունը

Երկու կրակի արանքում. Սիրիահայերը ՀՀ իշխանությունների անտարբերության մեջ տեսնում են Ռուսաստանի միջամտությունը
Երկու կրակի արանքում. Սիրիահայերը ՀՀ իշխանությունների անտարբերության մեջ տեսնում են Ռուսաստանի միջամտությունը

Սիրիահայերը համոզված են, որ Հայաստանի իշխանությունները իրենց համայնքին անտարբերության են մատնել, պետական մակարդակով օգնության ձեռք չեն մեկնում, իրենց չեն այցելում Ռուսաստանի թելադրանքով:
Սիրիայում իշխանությունների դեմ մեկ տարուց ավելի ձգվող ընդդիմության ահաբեկչական պայքարը ստիպում է այնտեղ ապրող հայերին արտագաղթել Հայաստան:

Մինչդեռ, այս ընթացքում Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ոչ մի աջակցություն չեն տրամադրել սիրիահայերին այստեղ տեղափոխվելու, իսկ գաղթածներին` ապաստան տրամադրելու համար:

Իսկ Հայաստանի մասին վեհ և լավ պատկերացումներ ունեցող հազարավոր սիրիահայեր հայրենիքի ճանապարհին բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ ազգային ավիափոխադրող «Արմավիայի» կողմից տոմսերի թանկացումից մինչև պետական պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքը, ինչը լրատվամիջոցներին ուղղված բաց նամակի առիթ է դարձել.

«Այդ երկիրը (Ռուսաստանը) դեռեւս սիրիական հակամարտութեան առաջին օրերից էր ՀՀ ղեկավարութեանը ստիպել սիրիահայերին դարձնել Սիրիայի նախագահի կողմնակիցը` թէեւ Հայաստանեայց եկեղեցին և սիրիահայերի ընտրանին սիրիահայերին հանդէս էին բերում իբրեւ Սիրիայի հայրենիքին և Սիրիայի ժողովրդին նուիրուած քաղաքացիներ:

Վերջին օրերին Ռուսաստանը Երեւան ուղարկած իր բազմաթիւ փորձագետների եւ պաշտօնեաների ձեռքով մի կողմից ՀՀ ղեկավարին դարձեալ ստիպեց անառարկելիօրէն կատարելու իր պահանջը, միւս կողմից` ՀՀ ուղարկած իր բազմաթիւ սուտ փորձագետների եւ պետական յայտնի դէմքերի միջոցով ձգտում է ապակողմնորոշել նաև ՀՀ բնակչութեանը` նրան հաւատացնել ջանալով, թէ սիրիահայութեանը օգնելու համար Հայաստանը պէտք է հանդէս գայ Սիրիայի բռնապետին իշխանութիւնից հեռացնելու`քաղաքակիրթ աշխարհի ձեռնարկած միջամտության դէմ: Քանի որ Եւրոպայի այդ միջամտութիւնը կանխելու համար Ռուսաստանին անհրաժեշտ զոհեր են պէտք, ուստի այդ զոհերը նա ուզում է ՀՀ-ի ձեռնասուն ղեկավարութեան ձեռքով դարձնել սիրիահայերին»,- գրված է նամակում:

«Այդ պատճառով ՀՀ ղեկավարութիւնը հրահանգ է ստացել մինչեւ պետականամէտ ուժերի սպասւող յաղթանակը, սիրիահայերի ողբերգութիւնը կասեցնելու որեւէ քայլ չանել: Իսկ թէ այդ ընթացքում որքան հայեր պիտի նորից սպանուեն և անտուն-անտէր մնան, հասկանալի պատճառով ՀՀ ղեկավարների տէրերին չի մտայոգում»,- եզրափակել են սիրիահայերը:

Նրանք կոչ են արել ստեղծագործական, հանրային կառույցների ու կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աղետի մեջ գտնվող իրենց հայրենակիցներին օգնելու քայլեր են որոնում, հուլիսի 27-ին համախմբվել Գիտությունների ակադեմիայի մուտքի մոտ ու միասնաբար մշակել սիրիահայերին օգնելու քայլերն ու գործողությունները:

Վերջին օրերին թեժացել են խոսակցություններն այն մասին, որ կառավարությունն ու, մասնավորապես, սփյուռքի նախարարությունը ոչինչ չեն ձեռնարկում սիրիահայերին աջակցելու համար, թեև նախարարության պաշտոնյաները հակադարձել են՝ նշելով, թե «պարտադիր չէ, որ հայտարարվի, թե ինչ է արվել այս ուղղությամբ»:

Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ նախարարն ամենօրյա կապի մեջ է սիրիահայերի հետ, և սիրիահայերն իրենք են ասում, թե չպետք է Սիրիա այցելել, քանի որ «վտանգավոր վիճակ է»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշում է, որ Սիրիայի հարցում ՀՀ իշխանությունները պետք է զգույշ լինեն:

«Քանի որ Սիրիան Արևմուտքի և Ռուսաստանի համար երկկողմանի պայքար է դարձել, Հայաստանը չպետք է դառնա ֆուտբոլի գնդակ նրանց համար: Այդ իսկ պատճառով վերջերս շատացել են նաև ռուս պաշտոնյաների այցերը թե Հայաստան, թե տարածաշրջան»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նա հավելում է, որ Հայաստանը պետք է աջակցություն ցուցաբերի միայն իր հայրենակիցներին օգնելու, նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, սակայն առավել ակտիվ միջամտությունը ցանկալի չէ, թեև Սիրիայի գործող նախագահը շատ լավ է վերաբերվում տեղի հայ համայնքին.

«Իսկ մինչ օրս ՀՀ իշխանությունների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ իրենք միշտ են պասիվ, եթե խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, մեր երկրում կոռուպցիային, արդար դատական համակարգին»:

© Medialab.am