Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 16 քաղաքացի․ Factor.am

Քիչ առաջ Կառավարության շենքի մոտից ոստիկանական տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 16 քաղաքացիներ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։   Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այստեղ առավոտից հավաքվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման դեմ։ Նրանք փորձեցին մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչի հետևանքով հրմշտոց սկսվեց:   

Հիշեցնենք՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը գիշերը 00։00-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։  

«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,- նշեց Գրիգորյանը։