«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը
– Պարո՛ն Միսակյան, ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, ադրբեջանական ոստիկանությունը իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում: Իրանում ինչպե՞ս են վերաբերվում ու արձագանքում այս իրավիճակին:
– Ադրբեջանական ոստիկանական կետի վերաբերյալ իրանական կողմից դեռ պաշտոնական որևէ արձագանք չկա: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական կողմից ևս պետական ու քաղաքական գործիչների մակարդակով արձագանք չկա, կա ԱԱԾ հաղորդագրություն, որին իրանական կողմը չի կարող արձագանքել: Այսինքն՝ իրանական կողմը, հավանաբար, սպասում է հայկական կողմից որևէ քաղաքական պաշտոնյայի հայտարարության, որպեսզի փորձի արձագանքել դրան:
Եթե նայենք սոցցանցային քննարկումները, ապա իրանական կողմում և՛ անհասկանալի, և՛ բավականին բացասական դրսևորումներ կան այս խնդրի վերաբերյալ:
Իրանական կողմում էլ այս լուրը տարածվեց սոցցանցերի միջոցով, ոչ պաշտոնական հաղորդագրությունների: Իրանական սոցցանցերում կային քննարկումներ, թե ինչո՞ւ է հայկական սահմաններում հայ-իրանական միջպետական բեռնափոխադրումների համար խոչընդոտներ ստեղծվում: Սա բավականին բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և՛ ընդհանուր միջազգային հեղինակության, և՛ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, եթե չկարգավորվի, կամ չհերքվեն ադրբեջանական ոստիկանության գործողությունները:
– Եթե այդ կարգավորումներն ու հերքումը չլինեն, Իրանը կհամակերպվի՞ այս նոր փոփոխության հետ, թե՞ ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, հնարավոր է անի:
– Իրանական կողմում կան բավականին լուրջ անհանգստություններ և՛ հայ-իրանական սահմանի, և՛ Հայաստան-Իրան միջպետական այդ հաղորդակցման ուղիների հետ կապված, ու Իրանը բազմաթիվ հայտարարություններ արել է դրա վերաբերյալ, սակայն իրանական կողմից նշվում է այն հանգամանքը, որ Իրանը առանց հայկական կողմի հայտարարությունների միջամտելու ու որևէ օժանդակություն ցույց տալու իրավասություն չունի, քանի որ հայկական կողմից չկա որոշակի հստակ հայտարարություն այդ խնդիրների վերաբերյալ:
Այսինքն՝ չնայած Իրանի անհանգստություններին, այնտեղ սպասողական վիճակ է, թե ի՞նչ հայտարարություններ կանի հայկական կողմը, որպեսզի դրա հիման վրա միջամտի, որովհետև միակողմանի չի կարող միջամտել այս խնդրին:
– Այսինքն՝ Իրանի դիրքորոշումը կախված է Հայաստանի դիրքորոշումի՞ց, պարո՛ն Միսակյան:
– Իրանն այդ խնդրի վերաբերյալ արվող իր բոլոր հայտարարություններում հիմնվում է կողմերի պաշտոնական հաղորդագրությունների վրա: Եթե իրանական կողմը պաշտոնական դիրքորոշում արտահայտի այս առումով, դա հիմնված է լինելու հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունների վրա:
– Եթե խնդիրը չկարգավորվի, Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա սա ի՞նչ հետևանքներ է ունենալու:
– Այս խնդիրը, միանշանակ, բացասական ազդեցություն է ունենալու Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
Հիշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Իրան կատարած այցի շրջանակներում հնչեցին բավականին լուրջ հայտարարություններ երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդման, զարգացման վերաբերյալ, ինչն իրանական կողմում դրական գնահատվեց, ու նա պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ ամենին:
Սակայն երբ նույնիսկ տրանսպորտային խնդիրներ են լինում, ու հայկական և իրանական կողմն էլ չեն կարող ապրանքաշրջանառության բնականոն գործընթաց ապահովել, ապա դա բավականին լուրջ կվնասի տնտեսական հարաբերություններին:
Խնդրի չկարգավորման դեպքում, կարծում եմ, իրանական կողմը որոշակի փուլում մեծ տրանսպորտային հոսք չի ապահովելու դեպի Հայաստան, այլ կօգտվի տարանցիկ այլ ուղիներից:
Եթե Հայաստանի տարածքում էլ իրանական կողմը պետք է ադրբեջանական ոստիկանության հետ գործ ունենա, ապա Իրանը կարող է դեպի Ռուսաստան կամ հյուսիս բեռնափոխադրումներն իրականացնել անմիջապես Ադրբեջանի Հանրապետության տարածքով: Խնդիրը բավական լուրջ է և ամենաբարձր մակարդակով կարգավորման անհրաժեշտություն ունի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am