ՍԴ-ում մեկնարկել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով նիստը

ՀՀ սահմանադրական դատարանում մեկնարկել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

 Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» համապատասխան որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով նիստին ԿԸՀ-ից մասնակցում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը: Նիստում քաղաքական ուժերի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիմումների մանրամասները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել էր ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

Ընտրությունների արդյունքները վիճարկած «Հայոց հայրենիք» կուսակցությունը ստացել էր 1.03 տոկոս ձայն, իսկ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 0.36 տոկոս ձայն: