«Ամեն ժամը մեկ, երկու ժամը մեկ տագնապ է հնչում, օրվա մեծ մասը ապաստարանում ենք». Նելլին՝ Ուկրաինական պատերազմի պայթյուններից

«Բոլորի ճամպրուկները պատրաստ են, դեռ դուրս գալու միտք չունենք, բայց խոսակցությունները, բնականաբար, անխուսափելի են»,- ասում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բնակվող 28-ամյա Նելլի Ղարիբյանը։

Նելլին 4 տարի առաջ է տեղափոխվել Երևանից Կիև ուկրաինացու հետ ամուսնանալուց հետո։ Ընդամենը օրեր առաջ սկիզբ առած պատերազմի հետևանքով Ուկրաինայում ապրող մյուս բնակիչների պես Նելլիի կյանքը նույնպես ամբողջովին փոխվել է։ Օրն անցնում է տագնապի ազդանշանին հետևելով, արագ ապաստարան իջնելով և իրավիճակի վերաբերյալ նորություններին հետևելով։

«Ես նվերների բիզնեսով եմ զբաղվում, մարտի 8-ի համար շատ պատվերներ ունեինք, մինչև գիշեր հավաքում էինք նվեր տուփերը, տոնական տրամադրություն էր, ու մեկ էլ քնում-արթնանում ես տագնապի ձայնից, բոլորը բոլորին զանգում էին՝ առավոտյան 5-ն անց կեսից սկսած»,- պատմում է Նելլին։

Նելլին ասում է՝ պատերազմ սկսվելու առաջին օրից իրենց բնակարանից տեղափոխվել են բարեկամի առանձնատուն, որտեղ նկուղ կա, օդային տագնապի ազդանշանի ժամանակ ապաստան են գտնում այնտեղ։

Տան նկուղում, որն այժմ ապաստարանի է վերածվել

«Օրվա մեծ մասը ապաստարանում ենք անցկացնում, սկզբում վերմակները իջացրեցինք, աստիճանաբար թեժացավ, իջացրեցինք նաև դոշակները։ Ապաստարանում պայթյուններ քիչ են լսվում, քիչ թե շատ ապահով ես զգում։ Արդեն երկու օր է, որ թույլատրվում է բարձրանալ ապաստարանից, երբ հայտարարություն է տարածվում, որ տագնապն անցել է, այսինքն դուրս չենք գալիս, եթե անգամ տագնապի ձայնն անջատվել է։ Մեծահասակներին իջեցրել ենք, որ գիշերներն էլ ապաստարանում քնեն։ Եթե մենք վերևում՝ տանն ենք քնում, ուրեմն ամբողջ գիշեր տանջվելով, ամեն ժամը մեկ, երկու ժամը մեկ արթնանալով-իջնելով։ Անընդհատ տագնապը հնչում ա, իջնում ենք ներքև, եթե հնարավոր ա մեկ երկու ժամով քնել՝ քնում ենք»,- պատմում է Նելլին։

Նելլիի խոսքով՝ քաղաքում շատ կան ապաստարաններ, շենքերը, որոնք ունեն ավտոկայանատեղիներ, դրանք նույնպես դարձել են ապաստարաններ։

«Երևի ելնելով նրանից, որ Ուկրաինան անընդհատ պատերազմական վիճակում է, իրանց մոտ պատրաստվածության մակարդակը ավելի լավ է՝ ի տարբերություն Երևանի։ Ես, օրինակ՝ չեմ պատկերացնում, որ մենք կարողանանք Երևանի բնակելի շենքի պադվալում թաքնվենք»,- «Մեդիալաբին» ասում է Նելլին։

Նելլի խոսքով՝ սննդի խնդիր չունեն, սակայն որոշ ուտելիքներ խանութներում գտնել միշտ չէ, որ հաջողվում է, օրինակ՝ մսամթերք և կաթնամթերք։

«Հիմնականում խնդիր ունենք խանութում հերթ կանգնելու մեջ։ Փորձում ենք շատ էկոնոմիա անել, որովհետև չգիտենք՝ ինչ ա սպասվում մեզ։ Մարդիկ տանը ինչ պահել էին՝ կրուպեղեն, գրեչկա, հանել են, սարքում են։

Սնունդն էլ անհնար ա, որ սկզբից մինչև վերջ նորմալ պատրաստես ու էդ ընթացքում չհնչի տագնապը, սկսում ես, հետո անպայման կիսատ ես թողնում, իջնում ես ապաստարան, հետո բարձրանում ես, շարունակում»,- նկարագրում է Նելլին։

Նելլին ասում է՝ հաճախ են հարազատները Երևանից զանգում, ինքն էլ փորձում է նրանց հանգստացնել։ Ասում է՝ սկզբում լարվածությունն ավելի մեծ էր, հետո ընթացքում սովորեցին նոր իրավիճակին:

«Սկզբում տագնապ ա՝ ի՞նչ կլինի, ե՞րբ, բոլոր մտքերը գալիս են իրար վրա, դուրս գա՞լ- չգա՞լ, փախնե՞լ-չփախնե՞լ, հետո սկսում ես սովորել։ Օդային տագնապի ձայնը, որ լսվում է, հիմա հանգիստ հագնվում ենք, շորեր ենք վերցնում, նոր իջնում։ 

Երկու օր ա արդեն՝ դուրս ենք գալիս, ահագին մարդ դուրս ա եկել, խանութ գնացել։ Շաբաթ-կիրակի պարետային ժամ էր, քաղաքը մաքրում էին դիվերսանտներից, դրա համար արգելված էր դուրս գալը։ Փորձում ենք զսպվածություն ցուցաբերել, դուրս չգալ, երբ չի կարելի, կառավարել տագնապը, թե չէ անարխիայի կվերածվի»,- ասում է նա։

Նելլին ասում է՝ այժմ Կիևում համեմատաբար հանդարտ է՝ ի տարբերություն երկու օր առաջվա, երբ հարևան թաղամասում դիվերսանտներ էին։

«Կարդում էինք նորությունները՝ մի թաղամաս էն կողմ կրակ են բացել։ Հիմա էստեղ պայթյուններ են լսվում, բայց՝ հեռվից, Խարկովում, օրինակ՝ մարդիկ իսկական վտանգի մեջ են, էնտեղ փլատակների են վերածել։ Նորություններ են անընդհատ գալիս, որ Բելառուսից զորքեր են մտցրել։

Մարդկանց ճամպրուկները դրած են դռան դիմաց, որ հանկարծ իրավիճակ լինի, դուրս գան»,- ցավով ասում է Նելլին։

Այդուհանդերձ, Նելլիի խոսքով՝ Ուկրաինայում այնպիսի տրամադրություն է, որ բոլորը սպասում են հաղթանակի։

«Բայց մեր պատերազմի հետևանքներից մեկն այն է, որ ես չեմ կարողանում հավատալ նորություններին»,- նշում է նա։

Նելլին ասում է՝ ուզում է, որ պատերազմն օր առաջ ավարտվի։

«Շատ կուզենամ՝ շուտ վերջանա էս ամեն ինչը, և ուկրաինական դրոշի ներքո մնա ամբողջ տարածքը, որովհետև իմ մասով ասեմ՝ եթե հանկարծ փոխվի դրությունը, ուկրաինական դրոշի ներքո չմնա, ես հաստատ չեմ մնալու»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am