«Մանկավարժներն օտարված են դպրոցից, և այդպես դպրոցը դառնում է սովորական դուքան, որտեղ կարելի է փող աշխատել, տուն պահել». Աշոտ Բլեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, Երևանի 122 դպրոցում տեղի ունեցած կաշառքի դեպքը, որի մասով արդեն քրեական գործ է հարուցվել, կրկին օրակարգային դարձրեց դպրոցում տիրող իրականությունը: Նմանատիպ դեպքերն ինչո՞վ եք պայմանավորում և գուցե ասեք նաև գաղտնիքը, թե ձեր հիմնադրած ուսումնական կենտրոնում ինչո՞ւ չկան նման դեպքեր:

– Ցավոք սրտի, պետական դպրոցը մնացել է առանց հեղինակի, հասկացանք՝ պետական դպրոց, բայց այդ դպրոցն ո՞վ է ստեղծում, նրանց հեղինակներն ովքե՞ր են, և ստացվում է՝ ուսուցիչներն օտարված են հենց այդ դպրոցից, երեխաներից, մանկավարժությունից: 

Իրենք չեն ստեղծում այդ կրթական միջավայրը, որովհետև մանկավարժություն կոչվածը նախևառաջ կրթական միջավայր է: 

Պատկերացրեք, օրինակ՝ ընտանիքում երեխայից գողանային հացը, ճաշը կամ նույն բանակում՝ զինվորից գողանային: Այդտեղ ամեն ինչ ավարտվում է՝ թե՛ բանակը, թե՛ մանկավարժությունը: 

Չեմ պատկերացնում մարդ, որը կարող է ավելի շահագրգիռ լինել «Բլեյան» դպրոցի հաջողություններով կամ անհաջողություններով՝ մտահոգ, պատասխանատու, քան ես եմ, նույն պահին կթողնեմ դպրոցը, որովհետև ես նրա հեղինակային, այդ խմբի ղեկավարն եմ, այդ ես եմ՝ լավն եմ, վատն եմ՝ ես եմ: 

Այսինքն՝ առաջնահերթն այն է, որ գան այնպիսի ուսուցիչներ, որոնք կստեղծեն այդ ազնիվ, փոխադարձ հարգանքի, միմյանց վստահելու միջավայրը: Կարելի է սխալվել ուսուցիչ ընտրելիս, բայց որ ի սկզբանե գումարով, ծանոթով մարդ ընդունես աշխատանքի, դա արդեն այլ է: 

33 տարվա մեջ մեկը թող ասի, որ նմանատիպ դեպք կամ հնարավորություն է եղել մեր դպրոցում, չի՛ կարող, որովհետև դա բաց, ընդհանուր համակարգ է: 

Հիմա եթե ուզենամ էլ՝ չեմ կարող անել, քանի որ այնքան ենք բացել, որ ամեն ինչ արվում է հրապարակային, մեկն անպայման կնկատի, իսկ դրանից հետո Բլեյանը կզրոյանա, չի կարող մտնել կրթահամալիր, կկորցնի 33 տարվա վաստակը:

– Իսկ, ըստ ձեզ, ինչո՞ւ են դպրոցի տնօրենները գումարի դիմաց, ծանոթի միջոցով մանկավարժներ ընդունում:

– Բայց այդ դպրոցի տնօրենն ո՞վ է, չես հասկանում, նա դպրոցի, հաստատության տնօրեն է, որն այնքան էլ կապ չունի մանկավարժության հետ, դա իր կյանքի գործը չէ: 

Այդ դպրոցների տնօրենները, որ հանկարծ թողնեն պաշտոնը, կդառնան անհասկանալի մարդիկ, ընդհանրապես, հասարակությունը մինչև վերջ չի էլ հասկացել, թե ովքեր են այդ մարդիկ, ի՞նչ ասել է դպրոցի տնօրեն, դա ի՞նչ աշխատանք է, դա լավ ուսուցի՞չն է, մանկավա՞րժը, թե՞ լավ ուսուցիչն է՝ ինչու՞ ինչ-որ մի փուլից չի անցնում մանկավարժության: 

Ես արդեն մեկ տարի է՝ կրթահամալիրի տնօրենը չեմ, բայց պատասխանատվությունս բազմապատկվել է, ինքնավստահությունս մեծացել է, այսինքն՝ ինձ վարչական պաշտոն կամ իշխանություն էլ պետք չէ, որովհետև այդ իշխանությունը հենված է հարգանքի վրա արդեն, հեղինակության վրա:

 – Պարո՛ն Բլեյան, նկատի ունեք, որ պետական դպրոցները բաց չե՞ն գործում, թիմը փոխադարձ հարգանք չի՞ տածում: 

– Մանկավարժներն օտարված են դպրոցի հարցերից, և այդպես դպրոցը դառնում է մի դուքան, սովորական դուքան, որ կարելի է փող աշխատել, տուն պահել, որտեղ ամոթը, հարաբերությունները ու այլ արժեքներ վերանում են: Ո՞նց է փողով ընդունել ու հետո նայել մարդու աչքերին, սովորողի աչքերին, այդպես կարող են գնահատանիշ էլ վաճառել, ի՞նչ տարբերություն: 

Հասարակությունը շարունակում է թաթախված մնալ նմանատիպ երևույթների մեջ: Մեր ամբողջ հանրային կյանքը պետք է հետևողական փոխվի, ո՞նց է կաշառք տվողը հետո ուսուցիչ աշխատում, խնդիր է, չէ՞:

 – Ինչ եք կարծում, ավելի շատ կաշառք տվո՞ղն է մեղավոր, թե՞ առաջարկողը:

– Դա գործարք է երկուսի մասնակցությամբ, որտեղ շատ բան պետք է փոխել, բայց ամենակարևորն այն է, որ կրթությունը պետք է բաց լինի՝ որպես հանրային գործունեության տեսակ, սովորողը, ուսուցիչը, ծնողն իսկապես մասնակից դառնան ողջ գործընթացին: 

Իսկ այսօր փակ կալվածքներ են, դուքաններ են՝ կտրված հասարակական կյանքից, բայց հասարակությունն էլ այլ բան չի ուզում: 

Պետական դպրոցները հանրայի՞ն են, փորձեք մտնել ցանկացած դպրոց, բոլոր դռները փակ են, մի դռնով մտնում ու դուրս են գալիս: Ամենակարևոր բանը ընդունարանն է, որտեղ մարդ կլինի, կսպասի տնօրենին: 

Իրականում այն պետք է լիներ հանրային տարածք, և հասարակության յուրաքանչյուր անդամ մտներ այն գիտակցումով, որ դա հանրային դպրոց է, հասարակություն կրթող դպրոց է, հասարակ մարդու դպրոց է, հասարակություն ստեղծող դպրոց է: Բառեր չեմ ասում ուղղակի, սրանք նոր մանկավարժության, մեր մանկավարժության հիմքերն են, դրանց վրա պետք է կանգնի նոր դպրոցը:

– Պարո՛ն Բլեյան, եթե նոր դպրոցը կառուցվի ձեր նշած հիմքով, նմանատիպ երևույթներ այլևս չե՞ն լինի:

– Իհարկե կհաղթահարվեն, բայց վատը գիտե՞ք որն է, երբ մեկ կոնկրետ դեպքի վրա են կենտրոնանում, դա դարձնում են ծամոն, իսկ խորքային խնդիրները, այդ դեպքը ծնող պատճառներն անտեսում են, այսինքն՝ կոնկրետ դեպքը թմբկահարում են, բայց համակարգային սխալներին չեն անդրադառնում, այն մնում է նույնը:

– Դպրոցներում, ու ոչ միայն, տիրող այս իրավիճակը նաև արժեհամակարգի՞ խնդիր է:

– Դե, ուսուցիչն ի՞նչ կարող է լինել, եթե ձեր ասած համակարգի կրող չէ, այդ դեպքում ինչի՞ կրող է: Կրթությունը կազմակերպելիս պետք է մի փոքր ուշադիր լինել Բլեյան մանկավարժության նկատմամբ, որովհետև այնտեղ հայաստանյան 33 տարվա արժեքավոր փորձն է, այնտեղ այլընտրանքն է այն արատավորի, որ կա պետական դպրոցներում: Մենք էլ ենք պետության ստեղծածը, բայց հեղինակային մանկավարժության հնարավորությունը, որ մենք ենք հեղինակը մեր գործի, նաև պատասխանատվությունն է մեզ փոխանցվել, ազատությունը՝ գործելու, վերափոխելու: 

Գուցե այսպես պետք է առաջնորդվել, որպեսզի պետական դպրոցը վերածվի հանրային, հեղինակային դպրոցի, ես ուրիշ ճանապարհ չգիտեմ, թե չէ այս անպատասխանատու ուսուցիչը կամ տնօրենը անմեղսունակ է դառնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am