Ցանկացած մարդ, ով այսօր չի գիտակցի ու կուրանա Հայաստանը, կհամարվի դավաճան, պետք է միավորվենք. Վիգեն Խաչատրյան

Ինքնիշխան պետականության հաստատման ճանապարհին հայ ժողովուրդը կարևոր փուլ է ապրում, և այս փորձությունը մենք պատվով կրելու ու անցնելու ենք: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Վերադարձնեմ որոշ մարդկանց հայտարարությունները ու այստեղից ասեմ՝ այ հիմա Հայաստանին դավաճանելը, ուրանալը դավաճանություն է: Պետք է հիմա ողջ հայ ժողովուրդը միաձուլվի, մոռանա ներքին ու արտաքին բոլոր տարաձայնությունները և միավորվենք ինչպես պատերազմում: Վերջին ամիսներին մի քանի անգամ ասել եմ՝ պատերազմը չի ավարտվել: Այսօր մեր ինքնիշխանության հաստատման ամենակարևոր փուլն ենք ապրում: Մեր հակառակորդները նախևառաջ հաշվի են առնում մեր անհամաձայնությունները նման սանձարձակ վարքագիծ դրսևորելիս: Բայց նրանք պետք է համոզվեն, որ մենք ամեն ինչ կդնենք մի կողմ հանուն մեր ինքնիշխանության», -հայտարարել է Խաչատրյանը:

Նա նկատել է, որ խորհրդարանի դահլիճը հիմա պետք է ազատ աթոռ չունենար՝ ակնարկելով ընդդիմությանը, որը առավոտյան բոյկոտել ու չէր մասնակցել ԱԺ նիստերին:

«Ցանկացած մարդ, ով այսօր չի գիտակցի ու կուրանա Հայաստանը, կհամարվի դավաճան: Պետք է լինել միասնական: Հիմա ժամանակը չէ միմյանց մեղադրել: Ես կարծում եմ՝ քաղաքական իշխանությունը պետք է լուծում գտնի, կողմ եմ, որ հայտարարվի պատերազմական իրավիճակ երկրում: Էլ ո՞նց է լինում պատերազմը», -հայտարարել է Խաչատրյանը: