«Այս տարվա 5 ամիսների հաշվարկով՝ ունենք 10,2% տնտեսական աճ, որն ուղղակի փուչիկ է և վաղ թե ուշ պայթելու է». Սուրեն Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Պարո՛ն Պարսյան, գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը թիրախավորել է 7 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշ: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 2023-ի հունվարից 68000 դրամից դառնալու է 75000: Լրացուցիչ միջոցներ կհատկացվեն նաև հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար: Տնտեսության ներկա վիճակը հաշվի առնելով՝ կարծում եք հնարավոր կլինի՞ ապահովել այդ 7 տոկոսանոց տնտեսական աճը:

– Տնտեսական աճի այդ ցուցանիշի կազմն ու կառուցվածքը նրանք առ այսօր չեն պատկերացնում ու չեն ներկայացրել հանրությանը: Եթե դիտարկենք այս տարվա ցուցանիշները՝ շինարարություն, ծառայության ոլորտ, հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով ու որոշակի շահարկումներով:

Անշարժ գույքի (հիփոթեք) շուկայում ունենք կտրուկ աճ, ինչն էլ բնականաբար նպաստել է անշարժ գույքի շուկայի փուչիկի աճին: Այս տարվա 5 ամիսների հաշվարկով ունենք 10,2 տոկոս տնտեսական աճ, որն ուղղակի փուչիկ է և վաղ թե ուշ պայթելու է, քանի որ այդ տնտեսական աճի մեջ չկան որակական ցուցանիշներ, և դա հիմնականում սպեկուլյատիվ է:

Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով պայմանավորված՝ ունենք դոլարի մեծ քանակության հոսք, և դրա արդյունքում բանկային համակարգն է իր ծառայությունները մատուցում, ու որոշակի շրջանառություն է կատարվում: Դրանից բացի, նաև հանրային սննդի ու կեցության ծառայությունների աճ ունենք: Այս աճերը, սակայն, թույլ են, ու սրանց վրա հիմնված երկարաժամկետ տնտեսական աճ չեն կարող կառուցել:

Կառավարությունը լավ է հասկանում, որ այնպիսի հիմքեր չի դրել, որ հաջորդ տարիների ընթացքում այդ 7 տոկոսանոց տնտեսական աճն ապահովի, ու վաղ թե ուշ հնարավոր է՝ այդ փուչիկը պայթի, և փորձում է, պատկերավոր ասած, ամանի տակը քերելով ցույց տալ տնտեսական աճ՝ ի հաշիվ ստվերի կրճատման:

Պատահական չէ այդ անկանխիկ գործարքների շատ արագ տեմպերով, անկազմակերպ ներդրումը, որի նպատակն է ստվերի կրճատումը, տնտեսության վերահսկողությունը: Անշուշտ սա կարևոր է, բայց սրա հաշվին տնտեսության մեջ որակական փոփոխություն չի լինելու, կենսամակարդակի կտրուկ ու զգալի աճ չենք ունենալու: Կառավարության՝ 2023 թ. հունվարի 1-ից նախատեսված սոցիալական աշխատավարձային քաղաքականությունը բավականին ուշացած է՝ հաշվի առնելով այն, որ 2021-22 թթ. ունենք բավականին լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ:

Մարդկանց եկամուտներն ավելի դանդաղ կամ ընդհանրապես չեն աճել, իսկ մենք ունենք բարձր գնաճ: Ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, ողջունելի է, կարևոր է, որ Կառավարությունը վերջապես այս խնդրին ցանկանում է անդրադառնալ, վերանայում է նվազագույն աշխատավարձը, բազային աշխատավարձը, նախատեսում է թոշակների աճ, բայց չհայտարարեց, թե այդ աճը որքան պետք է լինի, ինչ մեխանիզմներով է դա իրականացվելու:

Սա կարևոր քաղաքականություն է, բայց այն չպետք է լինի հատվածական, պոպուլիստական և ուղղակի անել անելու համար: Եթե նվազագույն աշխատավարձը հասցնում են 75000 դրամի, այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ անձի հաշվով կազմում է 76000 դրամ, սա ուղղակի դառնում է անհասկանալի: Գոնե այնպիսի քաղաքականություն պետք է վարեն, որ նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղը փակի, այսինքն՝ մեր քաղաքականությունները պետք է ճշգրտենք՝ ելնելով սպառողական զամբյուղից, ոչ թե ինչ հնարավորություն ունենք այս պահին, որովհետև այդ տրամաբանությամբ շարժվելով՝ մեր հասարակությունն անընդհատ մնալու է աղքատության մեջ, իսկ աղքատությունը ծնում է աղքատություն:

Փորձում են նպաստները բարձրացնել, բայց դրա հասցեականությունն ու ազդեցությունը շատ ցածր են. հայտարարում են՝ մինչև երկու տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերի նպաստը հասցնում ենք 30000 դրամի, այսինքն՝ պետության սոցիալական հասցեական քաղաքականությունն այստեղ բացակայում է: Պետությունը պետք է ճշտի, հասկանա՝ ո՛ր ընտանիքները դրա կարիքը չունեն, ու այդ գումարները վերաբաշխի կարիքն ունեցող ընտանիքներին: Կառավարությունը պետք է ստիպի, որ իր սոցիալական բլոկը աշխատի, այս բլոկը, որը պետք է բացահայտի սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներն ու դրանց տրվող լուծումները, ուղղակի անգործության է մատնված: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր չկատարած աշխատանքը, ըստ էության, արդարացնում է բոլորին գումար տալով, ինչը սխալ մոտեցում է:

– Անկանխիկ գործարքների կատարման ծրագիրը, որն ուժի մեջ կմտնի վաղվանից, համարեցիք արագացված ու անկազմակերպ, ինչո՞ւ: Այս համակարգի ներդրումն ի՞նչ է տալու շարքային քաղաքացուն:

– Շատ կարևոր է, որ ունենանք անկանխիկ գործարքների թվի աճ, որովհետև դա կրճատում է ստվերը, որոշակի ռիսկեր է նվազեցնում և այլն, բայց պետք է հասկանանք մեր հասարակության պատրաստ լինելու, իրազեկված լինելու մասը, և արդյոք բիզնեսն ի վիճակի՞ է այդ ծախսերի տակ մտնել:

Հուլիսի 1-ից բոլոր բիզնեսները պետք է ունենան անկանխիկ, այսինքն՝ քարտով առևտրի հնարավորություն, ցանկացած խանութում պետք է լինի քարտով առևտուր կատարելու հնարավորությունը, բայց դա ծախս է բիզնեսի համար: Նվազագույնը ամսական 5-10000 դրամ ծախս է ենթադրում ու գումարած տոկոս, օրինակ՝ ես 1000 դրամի ապրանք եմ գնում, որի 30 դրամը պետք է իրենք թողնեն բանկին սպասարկման գումար:

Պետք է հասկանանք, որ բիզնեսի համար լրացուցիչ ծախսեր ենք ստեղծում, իսկ փոքր ու միջին բիզնեսի դեպքում դա բավականին մեծ ծախս է, որովհետև նրանց շրջանառությունը չի աճել, խոշոր խանութներն ու սուպերմարկետներն այդ խնդիրը չունեն:

Հանրության համար սա կարող է ծախս լինել, եթե նրանք չկարողանան օգտվել այս քարտերից կամ բանկային ծառայություններից, օրինակ՝ կա անվճար հաշիվ բացելու հնարավորություն, բայց քաղաքացին կարող է չիմանալ դրա մասին ու գնալ գումարով հաշիվ բացել և այլն: Բնակչության համար սա կարող է լրացուցիչ ծախս ու անհարմարություններ ստեղծել:

Թոշակառուների մասով է նաև նույնը, որ հուլիսի 1-ից ուզում են հետվճարի (քեշբեք) համակարգ ներդնել, բայց թոշակառուներից շատերն իրենց քարտերից օգտվել չգիտեն, ու ընդամենը երեք բանկ է, որ այդ հնարավորությունը տալիս է:

Նշեմ, որ չնայած Կենտրոնական բանկը հայտարարել է, թե մինչև հունիսի 1-ն իրենք կավարտեն բիզնեսի POS տերմինալների միացումը, բայց այս պահին չի կարողացել բոլոր բիզնեսները միացնել՝ տարբեր պատճառներով: Ստացվում է, որ Կառավարությունը, ԿԲ-ն իրենց աշխատանքը չեն կարողացել անել, բայց հուլիսի 1-ից կտուգանվեն բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք չունեն POS տերմինալի հնարավորություն: Սա էլ ավելի է վատթարացնելու փոքր ու միջին բիզնեսի վիճակը:

– Պարո՛ն Պարսյան, Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք:

– Այս տարվա 5 ամիսների հաշվարկով ունենք չստացված, անկանխատեսելի աճ, որի հիմքերը բավականին թույլ են, և Կառավարությունը, այս աճով ոգևորված, մտածում է, թե այսպիսի աճ է ունենալու նաև հաջորդ տարի: Կարծում եմ՝ նրանց շատ մեծ հիասթափություն է սպասում, դեռ պետք է փորձեն այս տարվա ցուցանիշը կառավարել, որովհետև հաջորդ ամիսների ընթացքում ցուցանիշը, կարծում եմ, կնվազի՝ հաշվի առնելով անցած տարվա վերջին ցուցանիշների կրճատումը:

Կառավարությունը պետք է հասկանա, որ այս համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը պետք է փորձի հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ: Խնդիրն այն է, որ մեզ մոտ ինչպես օգուտները, այնպես էլ կորուստներն արդարացի չեն բաշխվում տնտեսության, ազգաբնակչության միջև: Ստացվում է, որ տնտեսական աճից օգտվում են մի խումբ մարդիկ, իսկ վնասները կրում է մեծ մասը, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսը կամ միջին ու աղքատ խավը, ինչը տանում է սոցիալական բևեռացվածության:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am