Գավառական վենդետա․ նոր Հայաստանի հին գվարդիան

Մհեր Արշակյան

Ի՞նչ է տեղի ունեցել Գավառում։ Ոչինչ։ Իսկապես ոչինչ։ Որովհետև ի՞նչ է փոխվել սիրո և համերաշխության հռչակումից հետո։ Կրկին ոչինչ։ 

Թող դաժան հնչի, թող անհեթեթ հնչի, բայց եթե չսպանեին, ուրեմն չէի՞ն սպանել։ Ո՞վ է մեռած, քանի դեռ նրան չեն սպանել։

Բժշկուհին կորոնավիրուսով հիվանդանալուց հետո մտել էր մարդամեջ։ Ուշադրություն՝ իր մեջ վարակը ֆիքսելուց հետո։ Ինչո՞ւ։

Որովհետև ո՞վ կհավատա, որ բժշկուհին վարակվել է, վախեցել է, որ եթե աշխատանքի չներկայանա, իր համար ավելի վատ կլինի։ 

Հետևաբար ի՞նչ է փոխվել։ Գուցե չհավատաք, բայց իշխանության փոխվելը քիչ է, քիչ է մարդկանց հավատը, որ իշխանություն է փոխվել։

Եթե 500 հոգու արյան վրեժը հաղթում է իշխանության փոփոխության ընկալմանը, ուրեմն ոչինչ չի փոխվել։ Ուրեմն էդ 500 հոգին նախկինների էլեկտորատն են։

Ունի՞ նրանց ժամանակն այս իշխանությունը, որը հիմա բոլորովին այլ մարտահրավերների առաջ է։ Ես չգիտեմ, բայց իսկապես ժողովրդավարական իշխանությունն իրավունք չունի ունենալ զուգահեռ հասարակություն, որի վրա իշխանություն չունի։ 

Առնվազն 500 հոգի բոլորովին այլ ընկալումներով է ապրում։ Նշանակում է` մինչև սպանությունն էլ ունեցել է իր առօրյան, իր ապրելակերպը, իր «մարտահրավերները», իր «բովանդակությունը»։

Իրենք նույնը չեն մնացել։ Պարզապես իրենք այս երկրի նոր բովանդակության մեջ չկան։ Որովհետև այդ բովանդակությունը հաց չէ, որ ուտես, աշխատավարձ չէ, որ ստանաս, ձուկ չէ, որ բռնես։ 

Ասենք թե գտար ու բռնեցիր մարդասպաններին։ Նախկիններն էլ էին նույնը անում։ Մարդասպանին գտնում էին, եթե մարդասպանն իրենք չէին։

Ինձ համար տեղի ունեցած փոփոխությունը հսկայական կլիներ, եթե դա տարածվեր այն մեկի վրա, որը նորն իմաստավորելու ներաշխարհ չունի։

Այլապես Միքայել Մինասյանն ընդդիմանալու է նորին, ես «այո» եմ ասելու նորին, որի մեջ էի դեռ հեղափոխությունից առաջ։ Մեզ համար նորին ընդդիմանալը կամ համաձայնելը մի բան է, որով ինչ-որ կերպ կանք այդ նորի մեջ։

Իսկ 500 հոգին լրիվ զուգահեռ են այդ նորին։ Ոչ թե նրանց համար ոչինչ չի փոխվել կամ թքած ունեն այդ նորի վրա, այլ իրենք բոլորովին ուրիշ աշխարհում են ապրում։ Սպանությունից ուղիղ երկու տարի առաջ այդ աշխարհը նոր Հայաստանի կողքով է անցել ու շարունակում է անցնել, ուղղակի իրենից մի «երկնաքար» է գցել Հայաստանի վրա ու շարունակում է ընթանալ ու ընթանալ։ 

Հիմա ի՞նչ պիտի ասի Նիկոլ Փաշինյանը։ Որ նոր Հայաստանն այլընտրանք չունի՞։ Ո՞վ չգիտի։

Բայց այդպիսի մի 500 հոգի գուցե պահածոյացված է ամբողջ Հայաստանում։ Գնացեք ու այդ 500-ին բացատրեք։ Այդպիսի մի 500 հոգի բոլորովին այլ ընկալումների հետ է աշխատել, քարացել է այդ ընկալումների մեջ, ու չկա այն քայքայիչ մեխանիզմը, որը նրանց կզատի իրենցից։

ԱԺ-ում պատգամավորներն իրար բղավում են՝ ա՛յ հոգնած, քաղաքական տրյապկա, անբարոյականի վաստակ։ Ինչո՞վ սա կոկորդ կտրել չէ, ընկերներ։ Թե՞ մխիթարվենք, որ քար նետելու փոխարեն վիրավորել են։

Էդ 500 հոգին բացել են այն փակագծերը, որոնք կոնսերվացված էին այսօրվա խորհրդարանում։ Այն տարբերությամբ, որ էդ փակագծերը նրանց բնավ էլ հետաքրքիր չէին։ 

Ասում եմ ձեզ` Հայաստանում քիչ չեն նոր Հայաստանին զուգահեռ մարդիկ։ Գլխավորն արված է՝ հեղափոխությունը եղել է։

Գուցե այդ 500 հոգին ամենևին մանր խնդիր չեն այս Հայաստանում, բայց լայվերը դեռ նրանց հետ չեն խոսում։

Լեզու է պետք փոխել։ Եթե նրանք կոկորդ կտրելուց բացի այլ բան չեն կարող անել, նոր Հայաստանը պարտավոր է իմանալ նրանց տեղը, որովհետև թեպետ նրանք զուգահեռ են նոր Հայաստանին, բայց մեր մեջ են։ Ինչպես կորոնավիրուսը։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am