ԱՄՆ-ը կարող է դիվանագիտական բոյկոտ հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին

Միացյալ Նահանգները քննարկում  է Պեկինի Օլիմպիական խաղերը ​​դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հարցը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, դա հաստատեց նախագահ Ջո Բայդենը: Այսպիսով ԱՄՆ իր բողոքի ձայնն է ուղղելու ընդդեմ Չինաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների:

Իր խոսքում ԱՄՆ նախագահը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այս կապակցությամբ հնչեցված հարցին՝ նշելով, որ դրա շուրջ քննարկումները շարունակվում են:

Դիվանագիտական բոյկոտը կնշանակի, որ ԱՄՆ պաշտոնյաների պատվիրակությունը չի մասնակցի փետրվարին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը:

Ըստ Ռոյթերսի՝ կառավարությունները սովորաբար դիվանագետների բարձրաստիճան պատվիրակություն են ուղարկում բացման արարողություններին` ի նշան միջազգային աջակցության աշխարհի տարբեր երկրներից մասնակցող հազարավոր մարզիկների: 2022 թ.-ի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։

Երկու կուսակցությունների ակտիվիստները և Կոնգրեսի որոշ անդամներ ճնշում են գործադրում Բայդենի վարչակազմի վրա՝ դիվանագիտական բոյկոտ հայտարարելու համար:

ԱՄՆ կառավարությունը մեղադրում է Չինաստանին իր արևմտյան Սինցզյանի շրջանում մահմեդական էթնիկ խմբերի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Պեկինը հերքում է այդ մեղադրանքները։