Ամանորի տոնական միջոցառումներ՝ երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 20-30-ը Երևանի թատերահամերգային կազմակերպությունները մանուկների և պատանիների համար կներկայացնեն Ամանորի տոնական միջոցառումներ:

Երևանյան 11 թատերահամերգային կազմակերպություններ, պատրաստակամությամբ արձագանքելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը, երեխաների համար պատրաստել են անակնկալներով լի ու հետաքրքրաշարժ միջոցառումներ, նոր բեմադրություններ և մանկական համերգային ծրագրեր, որոնց մասնակցելու հնարավորություն կստանան Երևանի պետական և մասնավոր հանրակրթական հաստատությունների 1-ին և 2-րդ դասարանների բոլոր աշակերտները՝ շուրջ 25 հազար դպրոցական:


Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խմբերի, բազմազավակ, խնամատար, պատերազմից տուժած ընտանիքների, ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանը շուրջ 5000 անվճար տոմս կտրամադրի նաև նշված խմբերի երեխաներին:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։