Գյումրու քաղաքապետի ընտրությունները գերտերությունների հակամարտության թատերաբե՞մ

Գյումրու քաղաքապետի ընտրությունները գերտերությունների հակամարտության թատերաբե՞մ
Գյումրու քաղաքապետի ընտրությունները գերտերությունների հակամարտության թատերաբե՞մ

Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում առաջադրվող թեկնածուների ցանկի վերջնական պարզեցմանը մնաց ընդամենը մեկ ու կես ժամ, բայց հիմա արդեն կարող եմ հավաստիացնել, որ ինչպես ավագանու, այնպես էլ քաղաքապետի թեկնածուների կտրվածքով բոլորս և հատկապես լրագրողները դեռևս մեկ ամիս ու կես կշարունակեն հաճույք ստանալ:
Անկեղծ ասած մենք մտածում էինք, թե հիմնականում ավագանու թեկնածուների ցանկն է լինելու բոլորիս զվարճանքի թեման, բայց պարզվում է քաղաքապետի թեկնածուների ցուցակն էլ պակաս զվարճալին չի լինելու:

Այս պահի դրությամբ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով Գյումրու քաղաքապետի թեկնածուի առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը հանձնել են Սամվել Բալասանյանը` ԲՀԿ, Հովսեփ Սիմոնյանը` ՀՅԴ, դեռևս ԽՍՀՄ-ի օրոք Լենինականում մի շարք բարձր կուսակցական պաշտոններ զբաղեցրած, այնուհետև` ավելի քան 15 տարի առաջ ԱՄՆ-ում քաղաքական ապաստարան ստացած և տակավին օրերս հայրենի քաղաք վերադարցած 66-ամյա Սպարտակ Պետրոսյանը, ում ի դեպ արդեն կատակասեր գյումրեցիները կնքել են «ամերիկյան պրոյեկտ» անվանումը, 34-ամյա հանրության համար անհայտ Անդրանիկ Ավետիսյանը` ձեռներեց:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը`ՀԿԿ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտյոմ Մազմանյանը, ինչպես նաև ևս մեկ ՀՀԿ-ական ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչությունից ստացել են քաղաքապետ առաջադրվելու համար տեղեկանքներ, այդպիսի տեղեկանքներ ավագանու թեկնածություն առաջադրելու համար ոստիկանությունից ստացել են 102 գյումրեցիներ:

Թեև մենք ավագանու և քաղաքապետի թեկնածուների ցուցակներում հայտնված անձանց առանձին հոդվածներով ու առավել մանրամասը կանդրադառնանք առաջիկայում, սակայն հիմա մի փոքր առաջ անցնելով նշենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մտած անձանց կենսագրություններից կես լուրջ կես կատակ կարելի է եզրակացնել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները այլևս դուրս է եկել անգամ ԱՊՀ երկրների քաղաքական հետաքրքրությունների շառավիղից:

Ավելին, եթե Վարդան Ղուկասյանն էլ այնուամենայնիվ առաջադրվի, ապա կստացվի բազմաբևեռ քաղաքական պայքար` «ամերիկյան և ռուսական պրոյեկտներով» հանդերձ, ինչը մեզ թույլ կտա եզրակացնել, որ Գյումրին ՏԻՄ ընտրություններում վերածվելու է գերտերությունների հակամարտության թատերաբեմի` հուսանք միայն քաղաքական:

Վահան Թումասյան

http://shirakcentre.org/