Առաջ նախկին-ներկա, սև-սպիտակ էին խաղարկում, հիմա էլ նոր թեմա են գտել՝ եկեղեցի-պետություն հակամարտությունը. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, քանի որ դեկտեմբերի 31-ից մինչ օրս չեն դադարել քննարկումները, քննադատությունները Վեհափառի ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակելու վերաբերյալ, ես ձեր գնահատականն եմ խնդրում, ինչի՞ հետևանք էր սա, ու ի՞նչ հետևանքներ է ունենալու եկեղեցի-պետություն լարվածությունը հանրային տրամադրությունների ու հարաբերությունների վրա։

– Ցավալիորեն այս իրադարձությունները բերելու են հասարակության ավելի խորը պառակտման, որովհետև, այնուամենայնիվ, մեր հասարակության մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, գուցե ամենամոլի հետևորդները չեն, բայց ամեն դեպքում հետևորդներն են, ու այս տարաձայնությունը չի կարող հետևանքներ չունենալ։ 

Իրականության մեջ երկու կողմն էլ իր մեղքի բաժինն ունի․ իշխանությունը կամ իշխանամերձները, որոնք փորձում են այս գործողությունը բացատրել նրանով, որ բարձրաստիճան հոգևորականները այստեղի կամ այնտեղի գործակալ են, ինձ համար համոզիչ չեն, որովհետև եթե անգամ այդպես է, մեղավորությունը դարձյալ իշխանությանն է, որովհետև լյուստրացիան, որը մենք պահանջում էինք, նաև սրա համար էր, որպեսզի պատերազմի պարտությունից հետո մեղավորներ չհայտարարվեին շտաբի այսպես ասած գործակալները, եկեղեցու հետ տարաձայնությունների դեպքում գործակալները չհայտարարվեին ապրիորի։ 

Բայց դրանք շատ կոնկրետ մարդիկ են, ու այդ հարցի լուծումը մեկն էր՝ լյուստրացիա կոչվող գործընթացը, բայց դա չարվեց, ու դա հիմա անընդհատ շահարկվող թեմա է: Վերջապես, եթե խոսքը գործակալական ցանցի կամ Հայաստանի շահերից չբխող գործունեության մասին է, այդ դեպքում Հայաստանի շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է Հանրայինով եթեր չհեռարձակվեն, որովհետև նրանց գործողություններն ակնհայտորեն չեն բխում Հայաստանի ո՛չ այսօրվա, ո՛չ վաղվա շահերից, այնպես որ, սա արդարացում չէ։ 

Ես կարծում եմ, որ հիմնական պատճառը տեքստի բովանդակությունն էր, որը հնչել էր, ինչը գործող իշխանությունների ծրագրերի հետ, մեղմ ասած, համահունչ չէր։ Չգիտես ինչու, մեր իշխանությանը թվում է, որ եթե «Արցախ, Արարատ, պետություն, հայրենիք» բառերը չարտաբերվեն, օրինակ՝ Իլհամ Ալիևը կամ մեկ ուրիշը չի փորձելու հայկական հարցը փակել, մեզ զրկել պետությունից: Սա, մեղմ ասած, հիմար մտածելակերպ է։ Այնպես չէ, որ ես համոզված եմ, որ գործող կաթողիկոսը շատ ազնիվ մղումներով է դա անում, ես կարծում եմ, որ, այո՛, եկեղեցականների ամբողջ համակարգն իսկապես կարիք ուներ լյուստրացիայի, որովհետև պարզ չէ, թե այդ քամին որտեղից է փչում ու ինչ նպատակ է հետապնդում։ 

Այնպես որ, բոլոր կողմերն իրենց մեղքի բաժինն ունեն, ու կարծես թե պետք է շատ ավելի մեծ ըմբոստություն լիներ իշխանությունների այս գործողության հետ կապված, բայց համաչափ արձագանք չստացավ նաև այն պատճառով , որ տասնամյակներ շարունակ եկեղեցին անհաղորդ է եղել ժողովրդի բոլոր խնդիրներին, սկսած մարտի 1-ի դեպքերից, երբ եկեղեցու դռները փակվեցին ոստիկանության կողմից ծեծի ենթարկվող մարդկանց առաջ, վերջացրած հազար ու մի պատմություններով, որտեղ եկեղեցին ուղղակի անհաղորդ էր մնում կամ ընդգծված պրոիշխանական ու մարդկայնորեն անարդարացի դիրքորոշում էր ձևավորում։ 

Սա սպասված գործընթաց էր, սա հետևանք է լյուստրացիա չանելու, ու այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի կարողանում ընդունել՝ ինչու է անհրաժեշտ լյուստրացիա անել, չի ձևավորում պահանջ ու չի պահանջում իշխանությունից լյուստրացիա, մենք ունենալու ենք բազմաթիվ գործակալներ, բայց ամենամեծ գործակալները իրենց նշանակած մարդիկ են եղել, ցավը դրա մեջ է։ 

Մեր ԱԱԾ նախկին պետերից մեկը պաշտոնանկությունից անմիջապես հետո մեկնում է Մոսկվա ու ինչ-որ անհասկանալի գործողություններ ու հայտարարություններ է անում։ Կամ մեր գլխավոր դատախազի պաշտոնական առաջին այցը լինում է Մոսկվա, կամ նույն կաթողիկոսը մեդալ է ստանում Ռուսաստանի դեսպանից, սրանից լավ ապացույց, որ լյուստրացիան անհրաժեշտ է, էլ ի՞նչը կարող է լինել։ 

Սա, իհարկե, խորացնելու է դժգոհությունները հասարակության մեջ, բայց իշխանությունը, կարծում եմ, դրանից առանձնապես շատ նեղված չէ, որովհետև պառակտված հասարակությանը կառավարելը շատ ավելի հեշտ է, էն «սև- սպիտակը» պատահական արտահայտություն չէր, առաջ նախկին-ներկա, սև-սպիտակ էին խաղարկում, հիմա էլ նոր խաղարկման թեմա են գտել։ 

– Պատկերավոր ասած՝ հիմա սկսել են եկեղեցի-պետություն հակամարտությունը խաղարկե՞լ։

– Այդ հակամարտությունը վաղուց կար, ի դեպ, պատմականորեն էլ այդ հակամարտությունն ունեցել ենք միշտ։

– Հետագա հարաբերություններն ինչպիսի՞ն են լինելու։

– Պատերազմից հետո կաթողիկոսի ու տարբեր բարձրաստիճան հոգևորականների արած հայտարարությունները հուշում են, որ լարվածությունը շարունակվելու է։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե հոգևորականն ինչպես կարող է իշխանափոխության կոչ անել: Բացատրում են, որ հոգևորականը ևս քաղաքացի է. չեմ հերքում, բայց երբ ինքը իր փարաջայով է, վզից էլ կախված է այդ խաչը ու հանդես է գալիս որպես արքեպիսկոպոս, կաթողիկոս, ինքն այլևս միայն ՀՀ քաղաքացի չէ, ինքը կիրառում է անթույլատրելի վարքագիծ, որովհետև նրանք այլևս հոգևորական են ու պետք է հասկանան, որ մենք կրոնական պետություն չենք, ու իրենք չունեն այդ լիազորությունները: Թող հանեն իրենց համազգեստը, քաղաքացիական հագուստով գան ու պահանջներ ներկայացնեն։ 

Սա ակնհայտորեն խորանալու է, երկու կողմն էլ փորձելու է ավելորդ լարվածություն ստեղծել, չգիտեմ՝ նրանք սա համաձայնեցվա՞ծ են անում՝ ավելի շատ պառակտելու համար, թե՞ ամեն մեկն իր նպատակն ունի, բայց, ամեն դեպքում, ժողովրդի, պետականության տեսանկյունից սա սարսափելի անընդունելի վարքագիծ է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am