Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կներառեն միջոցներ ռուսական նավթի մատակարարումների դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Վստահ եմ, որ ԵՄ խորհուրդն անխուսափելիորեն կկիրառի հետագա պատժամիջոցներ, հատկապես՝ ռուսական նավթի նկատմամբ», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է լողացող LNG տերմինալի կառուցման աշխատանքների մեկնարկի պատեհությունը, քանի որ, ըստ նրա, դա կօգնի Եվրոպային «դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ամրապնդել էներգետիկ ենթակառուցվածքները և աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական հանածո վառելիքից»։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն էր հայտնել, որ ԵՄ երկրները կհամաձայնեն առաջիկա օրերին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է մայիսի 10-ին, մյուսը՝ մայիսի 16-ին։