Իրականում ինչու Ամանորին եթեր չտրամադրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Այս տարեմուտին Հանրային հեռուստաընկերությունը որոշեց անկախությունից ի վեր առաջին անգամ նոր տարվա նախաշեմին եթեր չտրամադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը հեռարձակելու համար:

Ճիշտ է, այս որոշումը տարբեր մեկնաբանությունների, վերլուծությունների տեղիք տրվեց, իբր թե կաթողիկոսի ելույթում եղել է «Արցախ» բառը, կամ որ նրա ելույթը այսպես կոչված քաղաքականացված կամ ռևանշիստական էր, ընդհուպ բանը հասավ նրան, որ տարբեր իշխանամերձ ՀԿ-ներ և ակտիվիստներ փորձեցին այս երևույթը կապել ուղղակի կաթողիկոսի անձի հետ, սակայն իրականում խնդիրը բոլորովին այլ տեղ էր:

Թեև Հայաստանի գործող իշխանությունները իշխանափոխության առաջին իսկ օրվանից լայնածավալ արշավ սկսեցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու որոշ սպասավորների ուղղությամբ, մասնավորապես, կաթողիկոսի, Տավուշի և Շիրակի հասարակությանը առավել հայտնի թեմերի առաջնորդների նկատմամբ, սակայն Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցումները բացահայտեցին մի շատ հետաքրքիր իրավիճակ:

Բացի նրանից, որ ՀՀ կառավարության, ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի, ուժային կառույցների, բոլորի վարկանիշները սրընթաց անկում են գրանցել, իսկ հարցվածների մեջ չորս անգամ ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք կարծում են, որ Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ, աննախադեպ բարձր հանրային վստահություն էր գրանցել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որին «լիովին» կամ «հիմնականում» աջակցում էր Հայաստանի բնակչության ավելի քան 54%-ը, որն ավելի բարձր է, քան Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՏԻՄ-երի, զինված ուժերի, ՀՀ կառավարության, ԱԺ ու նախագահի աշխատակազմերի ցուցանիշները: Համեմատության համար նշենք, որ երկրի գլխավոր օրենսդիր մարմնին՝ Ազգային ժողովին, «լիովին» կամ «հիմնականում» աջակցում է բնակչության ընդամենը մեկ քառորդը:

Ընդդիմադիր բոլոր կուսակցությունների, նրանց առաջնորդների և վերջիններիս փոխկապակցված անձանց ու կառույցների անպարկեշտության աստիճանի ցածր հանրային վստահությունների պայմաններում, Նիկոլ Փաշինյանի և իշխող ՔՊ կուսակցության համար այս պահին Հայաստանում միակ իրապես վտանգ ներկայացնող կառույցը, որը կարող է կոնսոլիդացնել լայն զանգվածների, որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին է, որի որոշ առաջնորդներ չեն խուսափում ամենակոշտ գնահատականներ հնչեցնել ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական ուժի հասցեին:

Պատահական չէ, որ Հայաստանի ամենամեծ լսարան ունեցող հարթակի՝ Հանրային հեռուստաալիքի՝ ամանորից առաջ կաթողիկոսին եթեր տրամադրելը ՀՀ իշխանությունների տեսանկյունից համարվում է հիմնական «ընդդիմադիր» ուժին ելույթ տրամադրելու հնարավորություն, և միայն այս տեսանկյունից կարելի է բացատրել Գարեգին Բ-ին ելույթից զրկելու ոչ այդքան պոպուլյար քայլը:

Պետք է հիշեցնել, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների արդյունքներից հետո, երբ շատերի համար անակնկալ Եկեղեցու այդքան բարձր աջակցություն գրանցվեց, ՀՀ վարչապետը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ բացահայտ արշավ սկսեցին Եկեղեցու դեմ, և նույնիսկ ՀՀ վարչապետը իր ելույթում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին փորձեց իջեցնել կուսակցական մակարդակի՝ դրանով իսկ ազդարարելով, որ Եկեղեցու գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում. «Եթե Եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»:

Եկեղեցին ինքը, ունենալով հարյուր հազարավոր նվիրյալ հետևորդներ, միևնույն ժամանակ տնօրինելով զգալի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, կարողացավ այս դեպքը ծառայեցնել Եկեղեցու և, մասնավորապես, Կաթողիկոսի անձնական PR շրջանակներում: Բավարար է նշել, որ Կաթողիկոսի այդպես էլ չհեռարձակված ամանորյա ուղերձը սոցիալական հարթակներում միլիոնավոր դիտումներ, տասնյակ հազարավոր հավանումներ և կիսումներ ստացավ՝ դառնալով թերևս Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ամենաշատ տարածում ստացած ուղերձը:

Մարի Ներսեսյան

MediaLab.am