Կարթ ու ձուկ` կառավարությունից. սոցիալական տներ`մանկատան շրջանավարտների եւ ծնողազուրկ երեխաների համար

Կարթ ու ձուկ` կառավարությունից. սոցիալական տներ`մանկատան շրջանավարտների եւ ծնողազուրկ երեխաների համար
Կարթ ու ձուկ` կառավարությունից. սոցիալական տներ`մանկատան շրջանավարտների եւ ծնողազուրկ երեխաների համար

Նոր նախաձեռնության կիրառման համար խթան է հանդիսանում մանկատան երիտասարդ շրջանավարտներին բնակարանով ապահովելու անհրաժեշտությունը:
Հայաստանի կառավարությունը խոստանում է բնակարաններով ապահովել մանկատների 18 տարին լրացած շրջանավարտներին եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:
Օրենքը պարտադրում է պետությանը հոգ տանել մանկատան շրջանավարտների մասին, այդ թվում՝ապահովել նրանց անվճար տրամադրվող բնակարաններով:
Հայաստանում մանկատան եւ երկկողմանի ծնողազուրկ 302 երեխա արդեն մի քանի տարի է սպասում է բնակարանի իր հերթին: 18 տարին լրանալուց հետո մանկատան սաները շարունակում են ապրել մանկատներում, հարազատների մոտ կամ էլ հասարակական կազմակերպություններում: Եվ ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության՝տարեկան այդ թիվը ավելանում է եւս 35-ով:
22-ամյա Լիլիթ Ավետիսյանը 2006 թվականին Գավառի մանկատնից տեղափոխվել է Էջմիածին քաղաքում գործող «Մեր տուն»ը ՀԿ: Սա մի կազմակերպություն է, որտեղ տեղափոխվելուց հետո շահառուները պայմանագիր են կնքում կազմակերպության հետ, որ այդտեղ ապրելու հինգ տարիների ընթացքում շարունակելու են ուսումը կրթական հաստատություններում:

«Այստեղ պետք է ապրեի մինչեւ 2010թիվը: Արդեն երկու տարի լրացուցիչ պայմանագրով եմ ապրում: 2007 թվականից հերթի մեջ եմ, չեմ էլ հավատում, որ բնակարան կստանամ: Աշխատում եմ տպարանում, ու ստանում 40 հազար դրամ աշխատավարձ, – պատմում է Լիլիթը, -Ես այդ գումարով անգամ չեմ կարող գնալ ու վարձով ապրել, հոգալ իմ ծախսերը»:

Լիլիթի նման, մանկատան շրջանավարտների մի մասը բնակվում է բարեգործական կազմակերպությունների շենքերում, մինչդեռ մյուսների բախտն այս հարցում պակաս է բերում, եւ 18 տարի լրանալուց հետո նրանք շարունակում են ապրել մանկատներում:

Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Գավառ քաղաքի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն ասում է, որ մանկատան հարեւանությամբ գտնվող հանրակացարանային շինությունում շարունակում են ապրել մանկատան չորս շրջանավարտներ:

«Մանկատան հաշվառումից դուրս են, բայց եթե տեղ չունեն գնալու, հո դուրսը չեն թողնելու: Սննդի, լույսի, գազի համար շարունակում է մանկատունը վճարել, մինչև բնակարաններ կստանան», – ասում է Նալբանդյանը:

Մանկատների շատ շրջանավարտներ ցուցակագրված էին «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրին, որը սակայն, դադարեցվեց 2008 թվականին: Ծրագիրը մեկնարկել էր 2003-ին եւ արդյունքում ցուցակագրվել էին 1991 թվականից հետո այն շրջանավարտները, ովքեր մանկատնից դուրս գալուց հետո հայտնվել էին փողոցում կամ ապրում էին տարբեր վայրերում: Ցուցակագրված 503 շրջանավարտներից 149-ը բնակարաններ ստացան 2003-2008 թթ-ի ընթացքում:

Շրջանավարտների հերթը գոյացավ 2008 թվականից, երբ Վերահսկիչ պալատի աղմկոտ բացահայտումներից հետո կառավարությունը դադարեցրեց ծրագիրը: Ծրագրին ուղղված բյուջետային հսկայական միջոցներ էին գրպանվել:2010թ-ի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ չարաշահումները կազմում էին`1 միլիարդ 237 500 000 դրամ:

«Ծրագրի պատասխանատուները ոչ միայն գրպանել, այլեւ խնայել էին գումարները` գնելով էժանագին ու անպետք տներ: 2007-2009 թթ. պետբյուջեով հատկացված մոտ 1,5 մլրդ դրամի (մոտ 4 մլն դոլար) միայն 20 տոկոսն է ծառայել իր նպատակին: Պետությունը գումարները խնայել է երիտասարդների առողջության հաշվին, եւ այն զզվելի պաշտոնյաները, ովքեր, մարդկային խիղճը կորցրած, այդ երեխաների դրամներով են հարստանում, օրենքով չեն պատժվում»,- ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

2010 թվականից կառավարությունը կյանքի կոչեց նոր`«Աջակցություն եւ խորհրդատվություն մանկատան շրջանավարտներին» ծրագիրը, որով փոխվեցին շրջանավարտներին բնակարաններ հատկացնելու չափորոշիչները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը ասում է, որ այսուհետ բնակարաններ կստանան երկկողմանի ծնողազուրկ երեխաները:

«Սակայն նրանք, ովքեր մինչեւ 2010 թվականը հերթի մեջ են պետությունը նրանց նկատմաբ իր պարտավորությունը կատարելու է: Սակայն բնակարանները կտրամադրվեն հատուկ կառուցված սոցիալական տներում»,- ասում է Հայրապետյանը:

Սոցիալական տներում ապրելու են սոցիալական խոցելի շերտերի ներկայացուցիչներ`հաշմանդամներ, պատերազմի մասնակիցներ, միայնակ ծերեր ինչպես նաև ծնողական խնամքից զուրկ երեխաներ:

Բնակարանները տրամադրվելու են տաս տարի անհատույց օգտագործման ժամկետով, առանց սեփականության իրավունքի:

«Աջակցություն եւ խորհրդատվություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը ասում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկումների ընթացքում եկան համոզման, որ սոցիալական տան մոդելը անհրաժեշտ է հայաստանյան իրականությանը:

«Ծրագիրը կառավարության նոր նախաձեռնությունն է: Պետությունը, ձեւավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, կարիքավոր ընտանիքներին կկարողանա ապահովել բնակարաններով: Հետագայում այս փորձը տարածելու ենք նաեւ այլ մարզերի վրա»,- ասում է նա:

Սոցիալական երեք տուն արդեն իսկ կառուցվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, որտեղից բնակարան է ստացել մանկատան 27 շրջանավարտ: Կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 11.388.4 հազար դրամ: Եվս մի քանի շենք շահագործման կհանձնվի մինչեւ տարվա վերջ եւ հաջորդ տարվա սկզբին: Բոլոր սոցիալական տները կլինեն մարզերում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանը ասում է, որ Մարալիկի երեք սոցիալական շենքերում 59 բնակարան են ստացել սոցիալական տարբեր շերտերի 103 անձինք, ներառյալ մանակատան եւ ծնողական խնամքից զուրկ 27 երեխաները:

«Մարալիկում կիսակառույց շենք-շինություններ կային, եւ տնտեսապես պետության համար ավելի արդյունավետ էր այդ կիսակառույցներն ավարտին հասցնել: Ի դեպ, նաեւ բուժկետ, համապատասխան այլ պայմաններ ենք ստեղծել մարդկանց հարմարավետությունն ապահովելու համար: Բացի այդ, Մարալիկի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի հետ աշխատանքներ ենք տանում` մանկատան շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ», – ասում է «Աջակցություն եւ խորհրդատվություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանը:

Գավառի մանկատան շրջանավարտներից երեքը հոկտեմբերին բնակարան են ստացել Մարալիկի սոցիալական տներից մեկում:

Նրանցից 21-ամյա Արթուր Կարճիկյանը ասում է.«Ինձ համար կարեւորը տուն լիներ, կապ չուներ, թե որտեղ կլիներ: Մնում է աշխատանք գտնեմ»:

Սակայն «Մեր տուն»-ը ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը կարծում է, որ սոցիալական տները մանկատան երեխաների համար նպատակահարմար չեն:

«Իհարկե, այս պարագայում նրանք գլխավերեւում տանիք են ունենում, բայց այլ բացեր կան, որոնք սոցիալական տունը չի լրացնում: Մանկատան շրջանավարտը պետք է կայացած ընտանիքի մոդել իր կողքին տեսնի, ինչը օրինակ կծառայի սեփական կյանքում այդպիսին ունենալու համար», – ասում է նա:

«Փաստորեն տասը տարով տուն են տալիս ու ասում`գնա ապրի, բայց ինչպե՞ս, -ասում է նա,- Պետք է ձկնորսին կարթ տալ, որ ձուկ բռնի եւ ոչ թե ձուկ», – հավելում է Կարապետյանը:

Նա նաեւ նշել է, որ մանկատան շրջանավարտը պետք է կայացած ընտանիքի մոդել իր կողքին տեսնի, ինչը օրինակ կծառայի սեփական կյանքում այդպիսին ունենալու համար:

Բացի այդ, ըստ նրա. «Պետությունը պետք է նրանց ապահովի աշխատանքով, որպեսզի նրանք կարողանան սեփական ուժերով ապրել եւ հոգալ իրենց ծախսերը»:

Գայանե Մկրտչյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net