ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հավաքակայան

Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:

Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը: Սուրեն Պապիկյանը դիտարկել է հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, շրջել զորակոչային բոլոր սրահներում, հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ` զորակոչի գործընթացի արդյունավետության բարձրացման, արդարության ու թափանցիկության ապահովման համար։

Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։