Տավուշի մարզպետը բնակչությանը կոչ է արել պատսպարվել ապաստարաններում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, դիմելով մարզի բնակչությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։

Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել»։

Հիշեցնենք՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։