Այս իշխանությունը բոլոր հիմքերը ստեղծել է, որ նախկինում շատ հանցագործություն կատարած անձինք անպատիժ մնան. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում, որ իր ունեցվածքն ապօրինի է, ու Դատախազության մեղադրանքն անհիմն է համարում՝ նշելով, որ «նման բան ասողները գլուխները պատին են տվել»։ Նախկին ոստիկանապետի այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ չորս տարի անց դեռ արդյունք չկա նմանօրինակ գործերի մասով։

– Առհասարակ այս գործընթացներին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև վստահ չեմ, որ այդ դատավարություններն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն, որովհետև համոզված չեմ, որ հերթական հիասթափությունը չենք ապրելու։ Այնուամենայնիվ, ասեմ, որ իրականում պարոն Գասպարյանը, լինելով նախկին պետական պաշտոնյա, պետք է հասկանար, որ խոսքն ամեն դեպքում պետական մարմնի մասին, ինքն ինչ-որ բլոգեր չէ, որ իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել, հետևաբար պետք է հաշիվ տան իրենց՝ նման հայտարարություններ անելու մասով։ Դա վերաբերմունք է պետական մարմինների նկատմամբ, դու կարող ես համաձայն չլինել, քննադատել, մեղադրել ինչ-որ բաներում, բայց հաստատ նման բան չես կարող ասել, որովհետև Գասպարյանի տրամաբանությամբ՝ «գլուխները պատին տվողներից» մեկն էլ ինքն է եղել, բայց ոնց որ թե իրեն այդպիսի բան չեն ասել։ 

– Իսկ ինչո՞ւ արդյունք չունենք։

– Տոտալ անպատժելիության, անհետևողականության, շատ դեպքերում՝ հարմարվողականության, նաև ինչ-որ մարդկանց հետ համաձայնության գալով գործերը մինչև վերջ չհասցնելու պայմանավորվածությունների հետևանք է։ Եթե Վլադիմիր Գասպարյանը, ու ոչ միայն նա, վստահ լիներ, որ իր՝ պատասխանատվության ենթարկվելն անխուսափելի է լինելու, հավատացեք, նրանցից ոչ մեկն այս տոնայնությամբ չէր խոսի, գոնե նվազագույն քաղաքակրթության կանոնները կպահպանեին, բայց նրանք համոզված են, որ պատասխանատվության չեն ենթարկվելու, մարդը շատ վստահ է խոսում ու գիտի՝ ինչ է անելու։

– Այդ վստահությունը գալիս է նրանից, որ, ինչպես դուք ասացիք, կա հնարավոր պայմանավորվածությո՞ւն։

– Հնարավոր պայմանավորվածություններ կարող են լինել, ու ես կարծում եմ, որ առանձին դեպքերով, երբ չենք տեսնում գործերի տրամաբանական շարունակություն կամ երբ ինչ-որ փուլում տեսնում ենք գործերի մասին հայտարարում ու դրանց ասպարեզից կորչելը, դատարան չհասնելը կամ դատարանում այդ գործերն ուղղակի ձախողելը, խոսքը միայն այս կոռուպցիոն գործերի մասին չէ, առհասարակ՝ ներառյալ «Մարտի 1»-ի, մարդկանց մեջ կարծիք է ստեղծվում, որ իրենք կարող են անպատիժ մնալ, ու, այո՛, այս իշխանությունները բոլոր հիմքերը ստեղծել են, որ նախկինում շատ ու շատ հանցագործություն կատարած անձինք անպատիժ մնան։

– Այդ դեպքում այս գործերի հարուցումն ի՞նչ նպատակ ունի, եթե, ի վերջո, իրենք էլ գիտեն, որ վերջնարդյունք չեն ապահովելու, տիկի՛ն Կարապետյանց։

– Երկու նպատակ․ առաջինը՝ տպավորություն ստեղծել, որ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որ իրենք հանրայնորեն ճանաչելի, հայտնի մարդկանց դեմ պայքար են մղում։ Երկրորդը՝ կարող է հնարավորություն լինի, որ այս պահին, օգտվելով այս անկանոն, քաոտիկ զարգացումներից, ինչ-որ գործերով քրեական հետապնդում հարուցեն, հետո դրանք փակեն, որ որևէ մեկն այլևս հնարավորություն չունենա իրական պատասխանատվության ենթարկվել, որովհետև մի մարդուն մեկ արարքի համար մեկ անգամ կարելի է դատել, դա գրված ու չգրված կանոն է։ Հետևաբար, եթե «Մարտի 1»-ի կամ կոռուպցիայի գործով դու ինչ-որ մեկին տալիս ես ուժի մեջ մտած դատական ակտ, դու նրան ցմահ նվեր ես տալիս կոնկրետ հարցով պատասխանատվության չենթարկվելու։ 

Եվ ես միշտ տվել եմ այս նույն հարցը. եթե անցումային արդարադատության գործիքակազմը, որն ավելի լայն էր լինելու, ավելի խիստ, ինքը թանկ արժեր բոլոր իմաստներով՝ և՛ ժամանակի, և՛ ռեսուրսների, և՛ ֆինանսների, ի՞նչ արժի այդ գործիքակազմը չօգտագործելը, տարբեր մարդկանց 4-5 տարի հնարավորություն տալը, որ տանեն իրենց գողոնն ավելի խոր պարտակեն, ու ի՞նչ արժի պատասխանատվության չենթարկելը, այս հարցին եթե իշխանությունները կարողանան պատասխանել՝ լավ կլինի, կամ հասարակությունը գոնե մեկ անգամ ինքն իրեն այս հարցը տա։

– Այսինքն՝ կոնկրետ կոռուպցիոն այս գործերով արդյունքներ չսպասե՞նք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանն էլ է ասում, որ «պետությանը ոչ մի բան չունի տալու, ինչ տվել է, մի բան էլ ավել է եղել»։

– Վաչագան Ղազարյանը, Վլադիմիր Գասպարյանը ու էլի շատ շատերը իրականության մեջ իրենց ապօրինի գործունեությամբ այնքան վնաս են պատճառել այս պետությանը, որ այդ ապօրինի գույքը, հավատացեք, վերջին տեղում է, թեև դրա համար էլ պետք է պատասխանատվություն կրեին, եթե մենք իրական փոփոխությունների գնացած լինեինք։ 

Գործող իշխանության մեղավորության ամենամեծ բաժինը նախկինին գնահատական չտալն էր, շատ ու շատ հարցերում հետևողական չլինելը, ժամանակի բացթողումն էր, ինչի հետևանքով մենք հիմա դժվարություն ենք ունենալու բազմաթիվ խնդիրների լուծման հնարավորություններ գտնելու համար։ 

Ամենակարևորը՝ այն մարդիկ, որոնք պետք է հանրային հարթակում այլևս երբևէ չլինեին, ամաչեին տնից դուրս գալուց, որովհետև հասարակությանը պետք է բացատրվեր, թե այդ մարդիկ իրականում ինչ են արել, այսօր իրենց թույլ են տալիս հոխորտալ ու պետական մարմինների կամ պետության հասցեին կիսահայհոյանքներով խոսել։ Սա է գործող իշխանությունների մեղքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am