Անվտանգության խնդիրներից գյուղերը կդատարկվեն, մեր և հարակից գյուղում մնացել են տարեցները. Սահմանամերձ Լիճքի համայնքապետ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզի Լիճք համայնքի ղեկավար Հովիկ Միրզոյանը

Պարո՛ն Միրզոյան, կան մտահոգություններ, որ Սյունիքի սահմանամերձ համայնքներից արտագաղթ կարող է լինել։ Ձեր գյուղը ևս սահմանամերձ է, ի՞նչ տրամադրություններ են մարզում։

– Մեր գյուղը միշտ էլ սահմանամերձ է եղել, գնացողն արդեն գնացել է, ո՞վ է մնացել։ Նրանք են մնացել, ովքեր տեղ չունեն գնալու, գյուղը համարյա վերջացել է։ 

Բայց մեր գյուղից գնացողները շատ շուտ են գնացել։ Աշխատանքի բերումով գյուղի բնակիչների 15-20 տոկոսը գնաց Քաջարան՝ այնտեղի կոմբինատում է աշխատում։ Հիմնականում Հայաստանի տարածք են տեղափոխվել մեր բնակիչները։

Քանի՞ բնակիչ ունի գյուղը։

– Այս պահին հիմնական բնակիչների թիվը կազմում է 60-65 մարդ։ 

– Վերջին պատերազմից հետո արտագաղթ եղե՞լ է։ 

– Չէ, ավելի շուտ են գնացել մարդիկ։ Լիճքից դուրս գալու նպատակը հիմնականում աշխատանքն է, մեզ մոտ հանք պետք է գործեր, արգելեցին, չշահագործվեց, բայց աշխատողներ կային, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներն էին, համարյա բոլորը գնացել են։

Ի՞նչ տրամադրություններ են մարզի սահմանամերձ գյուղերում։

– Նույն իրավիճակը մեր հարևան գյուղում է։ Մեր և հարակից գյուղում մնացել են տարեցները։ Դե, եթե երկու գյուղում դպրոց չկա, ավելորդ է մնացածի մասին խոսելը։ Դպրոցահասակ երեխաներ ընդհանրապես չկան։ Արդեն երրորդ տարին է՝ մեր գյուղի դպրոցը չի գործում։

Պատերազմից հետո հատկապես Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերում խնդիրները սրվել են։ Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ մնան իրենց բնակավայրերում, չարտագաղթեն։

– Էն մարդը, ով ուզեցավ հեռանա, ով ուզում է գա, չի կարող հետ պահել։ Եթե էդ մարդն ունի ցանկություն, որ պիտի գնա, թողնում ու գնում է, չի նայում հետ։ Աբսուրդ է, որ ասում են՝ ինչ-որ մեկը կարող է համոզել։ Հիմնականում գործի բերումով են մարդիկ թողնում հեռանում։ Իսկ գյուղում լավ պայման չկա։ Լավ պայմանները միայն քաղաքում են։ 

Մի օրինակ բերեմ՝ էսօր գյուղացին ուզում է իջնի շրջկենտրոն, շրջկենտրոնի քաղցրությունը տեսած մարդը ուզում ա գյուղը թողնի գնա մայրաքաղաք։ Ասեմ ավելին, երիտասարդների ծնողները չեն թողնում, որ իրենց երեխեքը մնան գյուղում, կյանք չկա, մեռած ա, մնան ի՞նչ պիտի անեն։

Անվտանգության խնդիրները լրացուցիչ բարդացնո՞ւմ են իրավիճակը։ Ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցերը։

– Միանշանակ, անվտանգության խնդիրները կբերեն նրան, որ գյուղերն ավելի կդատարկվեն։ Մեկը ես, երբ ուզում եմ այցելել մայրաքաղաք, Կապան-Գորիս ճանապարհի էդ հատվածները վախենալով են գնում։ 

Մարդիկ գիտեմ, որ անգամ ռիսկ չեն անում էդ ճամփով գնալ, ուրիշ ճամփա կա Տաթևով, էնտեղով են շարժվում։ Մոտ 10 օր առաջ ես գալիս էի, թուրքը Շուռնուխի կողքին զենքով կանգնած քմծիծաղ էր տալիս։ 

Անցնում եմ, ինքը ծիծաղում է, մի տեղ էլ՝ արհամարհական վերաբերմունքով։ Ո՞նց կարող ես չմտածել, որ եթե մի քիչ էլ խմիչք օգտագործած լինի, ի՞նչ կարա էդ պահին մտածի ու անի։ Նա, ով անցնում է էդ հատվածով, նա է պատկերացնում, թե ինչ կա էդտեղ։

Ամեն դեպքում վախը կա։ Մարդիկ էսօր ասում են՝ իմ հողն է, մնալու եմ։ Բայց եկեք նաև հաշվի առնենք էն, որ մարդը տեղ չունի գնալու, ո՞ւր գնա, փողոցո՞ւմ մնա։ Որտեղ ապահով եղավ, մարդիկ էնտեղ են գնալու։

Էսօր ես անվտանգային հարցերի լուծումը չեմ տեսնում, ոչ մի քննարկում, ոչ մի փոխզիջում չկա։ Այսինքն՝ եթե չկա վստահություն, որ դեմ առ դեմ նստեն զրուցեն, խնդիրները մնում են։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am