Նկուղում կախված զինծառայողի գործով ձերբակալվել են յոթ հոգի

Նկուղում կախված զինծառայողի գործով ձերբակալվել են յոթ հոգի
Նկուղում կախված զինծառայողի գործով ձերբակալվել են յոթ հոգի

Առնվազն յոթ հոգի են ձերբակալվել հոկտեմբերի 3-ին N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
1992թ-ին ծնված  զինծառայող Սամվել Խաչատրյանի դին  հայտնաբերվել էր հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի զորանոցի նկուղում` կախված վիճակում:
«Ձեռնարկված անհրաժեշտ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Ս. Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը»,-տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալված են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող երեք սերժանտ և երեք շարքային զինծառայողներ:

«Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար»,-տեղեկացնում է ՊՆ-ն:

© Medialab.am