Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար․ Ազատություն

Միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե որևէ մեկի վերահսկողությամբ Հայաստանի տարածքով ճանապարհ չի՞ տրվելու, Գրիգորյանն այսպես արձագանքեց․ – «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»։

Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

«Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»

Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները. «Այս պահին օրակարգում վարչապետի այցն է Մոսկվա և նախագահ Պուտինի հետ հանդիպումը»: Գրիգորյանի խոսքով՝ հիմնականում «քննարկվելու է հայ-ռուսական օրակարգը, որը նաև լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»։

Հանդիպման ժամկետները մոտավոր հստակեցված են, բայց այդ մասին, ըստ ԱԽ քարտուղարի, պաշտոնական հայտարարություն կլինի։