Ուկրաինայում արգելել են սպասարկման ոլորում ռուսերենի օգտագործումը

Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի, որպես պետական լեզվի գործածության ապահովման մասին» օրենքի նորմը, համաձայն որի սպասարկման ոլորտում բոլորը կխոսեն միայն ուկրաիներեն լեզվով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այսուհետև բոլոր ծառայություն մատուցողները (ոչ միայն առևտրի ոլորտում) պարտավոր են հաճախորդներին սպասարկել բացառապես պետական լեզվով և միայն իրենց անձնական խնդրանքով անցնել այլ լեզվի: Ռուսերենով սպասարկելու դեպքում այժմ պաշտոնապես կարելի է բողոքել, նման խախտման համար տուգանք է սպառնում։

«Այս ամենը նշանակում է, որ ուկրաինացի սպառողը վերջապես պետական լեզվով սպասարկվելու իրավունք կստանա՝ սուպերմարկետում կամ ինտերնետ-խանութում, սրճարանում կամ ռեստորանում, բանկում կամ դեղատանը, բենզալցակայանում կամ կայարանում, մարզասրահում կամ գրադարանում»,- այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է պետական լեզվի պաշտպանության լիազոր Տարաս Կրեմինը:

Նա հավելել է, որ գնապիտակների, ցուցումների, տեխնիկական բնութագրերի, մակնշման, տոմսերի և մենյուի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը այժմ պետք է լինի ուկրաիներեն, թեև կարող է կրկնվել այլ լեզուներով: Կայքերը նույնպես պետք է թարգմանել պետական լեզվով, և օգտագործողը պետք է հնարավորություն ունենա ավտոմատ կերպով մուտք գործել կայքերի ուկրաիներեն տարբերակ, ինչից հետո ցանկության դեպքում կարող է անցնել մեկ այլ լեզվի:

Օմբուդսմենի խոսքով՝ սպասարկման ոլորտի անցումը ուկրաիներեն կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և պետական լեզվի զարգացմանը: