«Ուրախ եմ, որ այդ ստորագրությունը չի խանգարել երկրի ամենաբարձր զինվորական պաշտոնյային նշանակելուն». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարությունում նախկինում պաշտոններ զբաղեցրած Արծրուն Հովհաննիսյանը, որն այժմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում ռազմական հարցերով փորձագետ է, դրական է համարում ՀՀ գլխավոր շտաբի պետի պաշտոնում ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի նշանակումը: Նրա մեջ այս նշանակումը մեծ հույսեր է արթնացրել:

«Ես մեծ հույսեր ունեմ, վերջապես նշանակվեց գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետ նշանակված Էդվարդ Ասրյանը եղել է օպերատիվ օղակի վարչության պետ, շտաբի պետի տեղակալ, ՊԲ շտաբի պետ: Նա շատ մեծ էնտուզիազմով կմտնի մեր զինված ուժերում խորքային բարեփոխումների իրականացման գործի մեջ, կիրականացնի գիտելիքի վրա հիմնված քաղաքականություն, առաջ կբերի նոր լուծումներ: Այս նշանակումից մեծ սպասում և մեծ հույս ունեմ»,- «Մեդիալաբին» ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե Ասրյանի նշանակումը միանշանակ չի ընկալվել հանրության շրջանում այն առումով, որ դեռևս 2021-ի փետրվարին նա ստորագրել էր գլխավոր շտաբի հայտարարության տակ և պահանջում էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անհապաղ հրաժարականը», Հովհաննիսյանը արձագանքում է. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, դա քաղաքական հարց է: Դուք խոսում եք զինվորական ամենաբարձրաստիճան հաստիքի մասին և դուք գիտեք՝ ով է նշանակում այդ պաշտոնին և ով է ազատում այդ պաշտոնից»:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները նման կարևոր պաշտոնին նշանակել են Ասրյանին, ապա նրա նկատմամբ անվստահություն չկա, և այդ հայտարարության տակ ստորագրելու հանգամանքը որոշիչ գործոն չի եղել:

«Ես անկեղծորեն ուրախ եմ, որ այդ հայտարարության տակ ստորագրելու հանգամանքը չի խանգարել երկրի ամենաբարձր զինվորական պաշտոնյային նշանակելու համար: Դա ինձ ուրախացնում է»:

Հարցին՝ հնարավո՞ր է թեկնածու չի եղել, և իշխանությունը ճարահատյալ է նման նշանակում արել, Հովհաննիսյանի պատասխանն էր. «Ես այդպես չեմ համարում, այնպես չէ, որ թեկնածու չկար կամ պրոֆեսիոնալ չկար: Բայց դա իմ անձնական կարծիքն է: Ճիշտ է, մեր զինված ուժերն ունեն կադրային խնդիր, բայց թեկնածուներ այս պահին էլ կան ու կլինեին»:

Ինչ վերաբերում է օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում գլխավոր շտաբի պետի՝ նաև պաշտպանության փոխնախարար լինելուն, Հովհաննիսյանն ասում է՝ այդ փոփոխությամբ ԳՇ պետի լիազորությունները չեն սահմանափակվում, հակառակը՝ ընդարձակվում են: «Աշխարհի բոլոր պետություններում գլխավոր շտաբի պետերը ենթարկվում են ուղիղ պաշտպանության նախարարին՝ անկախ այն բանից, թե նրանք քաղաքական անձինք են, թե զինվորական»,- ասում է նա:

Հիշեցնենք՝ 2021-ի փետրվարին Հայաստանի գլխավոր շտաբը, որն այն ժամանակ ղեկավարում էր Օնիկ Գասպարյանը, հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության հրաժարականը: «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»,- մասնավորապես ասված էր գլխավոր շտաբի հայտարարությունում:

Այդ հայտարարության տակ ստորագրել էր նաև երեկ ԳՇ պետ նշանակված Էդվարդ Էդիսոնի Ասրյանը:

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- արձագանքելով ԳՇ հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը:

Նշենք, որ Էդվարդ Ասրյանը 2021-ի մայիսից զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am